Pastinfo.am-ը գրում է.

«Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ....»։ 20-ամյա Արտաշես Հակոբյանին երկու ամիս էր մնացել՝ ավարտելու ծառայությունը, սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկված ու 44 օր տևած պատերազմը փոխեց նրա կյանքի ամբողջ պատմությունը։

2019 թ․ հունվարին զորակոչվել է բանակ՝ ծառայելով Ջրականում (Ջաբրայիլ)՝ որպես դիպուկահար։ 2020 թ. պատերազմի ժամանակ Արտաշեսը եղել է ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Թաղավարդ, Քերթ, Ավետարանոց, Կարմիր Շուկա։ Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, տիրապետում էր մի քանի զինատեսակի։ Մարտական հմտությունների և ճիշտ հաշվարկների շնորհիվ ընկերների հետ ոչնչացրել է թշնամու մեծաքանակ մարդկային ուժ և մարտական տեխնիկա։

Ապրում էր նժդեհյան գաղափարներով: Պատերազմի օրերին, երբ մայրը հուսալքվում էր, քաջալերում էր՝ ասելով. «Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ»: Ընդամենը երկու ամիս էր մնացել զորացրմանը, սակայն անգամ հարազատները չէին պատկերացնում, որ
հոկտեմբերի 28-ի առավոտյան ստացած զանգը վերջինն է լինելու։ Հենց այս օրը Արտաշեսն անմահացավ՝ երբ ինքը, լինելով վիրավոր, փորձում էր փրկել հրամանատարին։

Հերոսին բոլորը հիշում են որպես ընկերասեր, հավասարակշռված: Արտաշեսի քույրը՝ Մարիամը, պատմել է, որ թեև եղբայրն իրենից փոքր էր, բայց այնքան հասուն էր, որ միշտ ինքն էր եղբորից խորհուրդ հարցնում: Երբ խոսում էին Հայաստանից արտագաղթելու մասին, կտրականապես դեմ էր արտահայտվում. «Որ ուրիշ երկրում ապրես, երկիրդ ո՞վ պիտի պահի, զարգացնի, եթե վիճակը վատ է, մարդ դրանից պիտի դասեր քաղի, շտկի»:

Մարիամը «Փաստինֆո»-ին հետաքրքիր դրվագներ է ներկայացրել իրենց մանկությունից.

«Ես ու եղբայրս երբ գալիս էինք դպրոցից, տանը մենակ էինք լինում մինչև մեր ծնողների աշխատանքից տուն գալը։ Մի օր, Արտաշեսը մորս հարցրեց, թե որն է հոգևոր սնունդը։ Մայրս համբերատար, օրինակներով բացատրեց։Մի քանի օր հետո մայրս աշխատանքից ուշ եկավ տուն ու շատ անհանգիստ էր՝ մտածելով, թե քաղցած ենք մնացել։ Տուն մտնելուն պես արագ անցավ խոհանոց ու սկսեց պատրաստել։ Եղբայրս գնաց, նստեց խոհանոցում ու մորս հույս տվեց. «Մամ ջան, մենք այսօր հոգևոր սնունդ ենք ստացել, դա ավելի կարևոր է»»։

Մարիամը չի մոռանում այն օրը, երբ եղբայրն առաջին անգամ պետք է դպրոց գնար ու ինչպես էր առաջին դասից հետո հուզված սպասել մոր վերադարձին՝ խնդրելով իրեն երբեք մենակ չթողնի։

«Երբ եղբորս 1-ին դասարան տարանք, ուսուցչուհին ասաց՝ գնացեք 2 ժամից կգաք երեխաներին տանելու։ Մեր տունը դպրոցին մոտ էր. որոշեցինք անակնկալ պատրաստել, հետո գնալ նրան բերելու։ Դեռ 1 ժամ չէր անցել, հանկարծ դռան թույլ թակոց լսեցինք, մայրս արագ դուռը բացեց, տեսանք եղբորս՝ շեմին տխուր կանգնած։ Մայրս գրկեց, շատ-շատ համբուրեց, շնորհավորեց մուտքը դպրոց, իսկ Արտաշեսն արցունքակալած աչքերով մորս պարանոցը գրկել ու բաց չէր թողնում՝ անդադար կրկնելով. «Մամ, բոլորին տարան, դու չկայիր, էլ երբեք ինձ մենակ չթողնես, մամ ջան»։

Մայրս շատ հուզվեց, գիրկն առած տարավ դեպի անակնկալը։ Հետո շատ ուրախ անցավ, բայց մորս մտքից դուրս չի գալիս եղբորս խոսքերը. «Էլ ինձ երբեք մենակ չթողնես, մամ»»։

Սեպտեմբերի 12-ին Արտաշեսի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 21 տարեկան։
Հարազատներին, մինչև օրս հետապնդում է միայնության զգացումը։

Արտաշես Հակոբյանը ծնվել է 2000 թ․ սեպտեմբերի 12-ին Երևանում։ Բարձր առաջադիմությամբ սովորել է Մուշեղ Մխոյանի անվան համար 68 դպրոցում, այնուհետև՝ համար 2 ավագ դպրոցում։ 5 տարի զբաղվել է դյուդո մարզաձևով՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։ Դպրոցն ավարտելոց հետո ընդունվել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել