Hraparak.am-ը գրում է.

Դեկտեմբերի 5-ին Վաղարշապատ խոշորացմած համայնքում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են 5 քաղաքական ուժեր։ «Հայրենատեր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն քաղակտիվիստ Ջիվան Աբրահամյանն է։ Ջիվան Աբրահամյանը ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով։ Նման հանրահավաքներից մեկի ժամանակ նա ասել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։ Դեպքի առթիվ ոստիկանությունը քրգործ չէր հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 

«Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Հայ Յեղափոխական Դաշնակություն» և «Համերաշխություն» կուսակցություններից, որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Սևակ Խաչատրյանին, նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների և շրջանավարտների գծով պրոռեկտոր է աշխատում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանն է: Փաստորեն Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի սրտաճմլիկ խոսակցության ձայնագրությունից հետո էլ, որում Դիանա Գասպարյանը «պահանջում էր» Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Սուրեն Պապիկյանը նրան մունջ էր անում, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն կրկին որոշել է Գասպարյանին առաջադրել։

«Իրական ժողովրդավարական կուսակցություն» քաղաքապետի թեկնածուն Արմեն Աբրահամյանն է, այս կուսակցության մասին միակ հայտնի փաստն այն է, որ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 1-ին՝ Էջմիածին քաղաքում։

Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածուն Գոռ Ստեփանյանն է։ Մեզ հաջողվեց նրա կենսագրականից որոշ տվյալներ գտնել: Ծնվել է 1987 մարտի 2 Ք․ էջմիածնում։ Սովորել է ք․ Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2005-2007 ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ Մասնագիտությունը՝ կոնստրուկտոր-դիզայներ: Կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստան»


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել