Hraparak.am-ը գրում է.

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Թումանյան համայնքում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Տիգրան Մխիթարյանը, որին 2021 թվականի փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Թումանյան համայնքը ներառում է Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը։ Մենք զրուցեցինք Տիգրան Մխիթարյանի հետ։

- Ինչո՞ւ է ՔՊ-ի ընտրությունը Ձեզ վրա կանգ առել՝ նկատի առնելով, որ Դուք անկուսակցական եք։

- Իմ կարծիքով՝ կուսակցության ընտրությունն ինձ վրա կանգ է առել նրա համար, որովհետեւ կուսակցության համար այդքան էական չէ, թե ով է կուսակցական, ով՝ անկուսակցական։ Էականն այն է, թե ով մեր այս՝ տարիներ շարունակ տարբեր խնդիրներ ունեցող համայնքների խնդիրները կլուծի։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

- Դուք երկար ժամանակ է` մոտ 8 ամիս, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եք, այս ընթացքում եղե՞լ են խնդիրներ, որ լուծել եք։

- Բնականաբար՝ եղել են, որ լուծել ենք, բազմաթիվ խնդիրներ լուծել եմ, բազմաթիվ։

- Օրինակ՝ ո՞րը։

- Օրինակ՝ Թումանյան քաղաքի ներսի փողոցների տուֆով սալարկումը, Աթանի հուշարձանի ցանկապատումը, Քարինջի մանկապարտեզի ջեռուցման ապահովումը, Թումանյանի մանկապարտեզի մահճակալների ձեռքբերումը, բոլոր բնակավայրերի ներսի ճանապարհների բարեկարգումը։ Էնքա՜ն խնդիրներ ենք լուծել, իմիջիայլոց՝ առանց ավագանի, ինչը թույլ չի տալիս տնտեսած գումարներն օգտագործել, եթե ավագանի չունես, թույլ չեն տալիս, օրենքը թույլ չի տալիս։

- Ասում են, որ ՏԻՄ ընտրություններում ավելի շատ հաղթում են այն թեկնածուները, որոնք հեղինակությոuն ունեն համայնքում։ Ձեր կարծիքով` հաղթելու համար Դուք ունե՞ք բավարար հեղինակություն։

- Միանշանակ՝ ունեմ, բայց դա իմ խոսքը չի, դա մեր ժողովրդի կարծիքն է, որովհետեւ, եթե այդպես չլիներ, ես չէի էլ առաջադրվի։

- Այսինքն՝ նախապես գիտեք, որ ընտրվելու եք։

- Այս պահին 7 բնակավայրերի 90 եւ ավելի տոկոսն իմ կողքը կանգնած է, եւ մարդիկ ոչ միայն իմ կողքն են կանգնած, այլեւ ինձ պարտադրում են, որ ես անպայման առաջադրվեմ։

- ՔՊ-ի թեկնածու լինելը Ձեզ ավելի շատ կօգնի, թե՞ կխանգարի։

- Չեմ կարծում, որ կխանգարի, միգուցե օգնի, որովհետեւ այսօր ժողովրդի մեծամասնությունը հունիսի 20-ին, Դուք էլ տեսաք, որ հակված է գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

- Ընտրություններին Ձեր մրցակիցներն ովքե՞ր են, նրանց մասին ի՞նչ կասեք։

- Անկեղծ ասած՝  դա ինձ քիչ է հետաքրքրում, երբ հրապարակում կլինի, արդեն կտեսնենք։

- Պատրաստվո՞ւմ եք ընտրություններին վարչական ռեսուրս կիրառել, ասում են՝ Ձեզ հենց դրա համար են ԺՊ նշանակել։

- Ես Ձեր այդ կարծիքը լրիվ ուզում եմ զրոյացնեմ, որովհետեւ ես մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը չեմ աշխատել, 2 կամ 3 օր առաջ պարզ չի եղել՝ ե՞ս եմ լինելու, թե՞ այլ մարդ։

- Դպրոցի տնօրեններին, համայնքապետարանի աշխատողներին չե՞ք ասելու, որ Ձեզ ընտրեն, Ձեր օգտին քարոզչություն անեն։

- Ես բոլորին եմ ասելու, ի՞նչ կապ ունի՝ մարդը տնօրե՞ն է, թե՞ աշխատող։ Ես քարոզարշավ եմ իրականացնելու իմ արձակուրդի ժամանակ, բոլոր նրանք, ովքեր կցանկանան ինձ համար աշխատել, ես դա միայն կողջունեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել