Tert.am Life-ը գրում է.

Սարգիս և Մանո Գրիգորյաններն իրենց դուստրերի՝ Էվայի և Յանայի հետ մեկ տարի առաջ տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մանոն Tert.am Life–ին է տրամադրել իրենց նոր ֆոտոշարքն ու պատմել ամերիկյան կյանքի, ինտերգրվելու փուլի, դժվարությունների միջով անցնելու մասին։

«Հետ նայելով հիմա եմ սկսում հասկանալ, որ բավականին դժվար օրեր ենք ունեցել։ 2020 թվականը շրջադարձային էր բոլորիս համար, բայց, երևի, խոսեմ մեր ընտանիքից։ Քովիդ, պատերազմ, կարծես, մեր կյանքը գլխիվայր շրջվեց, դրան գումարվեց տեղափոխությունը։ Այնքան շփոթված ու մեզ կորցրած էինք, որ նոր ենք ուշքի գալիս։ Սարգսի համար կրկնակի դժվար էր։ Դեռ շարունակում ենք մեկս մյուսի ձեռքը բռնելով փորձել հաղթահարել այս ամենը»,– ասաց Մանոն, ապա նկատեց, որ դժվարություններ միշտ են եղել, թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ–ում, պարզապես կյանքի այս փուլը շատ բան է փոխել իրենց գիտակցության մեջ։

«Կարևոր է, թե մարդն ինչպես է վերաբերվում դժվարություններին։ Ինձ համար առաջնային է չչարանալ, յուրաքանչյուր փորձության մեջ գիտակցականդ դեպի լույսն ուղղելը։ Հիմա էլ է դժվար, բայց փորձում ենք լավ տրամադրվել, ապրել այսօրով և այստեղ։ Շատ բանի հանդեպ վերաբերմունք է փոխվել սկսած մեր աշխատանքից․ հասկացել ենք, որ դա զուտ բիզնես չէ, մեր ընտանիքի օրինակով պիտի ինչ–որ բան տանք բոլոր հարս ու փեսաներին։ Մարդուն ամուսնացնելն ու այդ օրն ինչ–որ խոսք ասելը օդից չպետք է լինի, այլ սրտից։ Ես այնքան ուրախ եմ նույնիսկ բարդությունների համար, եթե այս ամենը չլիներ, գուցե, այսօր չունենայինք այս գիտակցությունը»,– ասաց Մանոն։

Պարուհին նկատեց, որ ԱՄՆ մեկնելուց հետո առաջին փուլում գայթակղիչ առաջարկներ են հնչում, հետո են հասկացել, որ նոր են, պատկերացնումներն այլ են։

«Այստեղ ճաշակն է ուրիշ, նոր մարդ ես, պետք է ինտեգրվես աշխատանքային իրենց կանոններին։ Շատ դժվար էր, բայց ամուսնուս ասում էի, որ պետք է շարունակենք զբաղվել նրանով, ինչ մեզ տրված է։ Դժվար օրեր ենք ունեցել, բայց Աստված մեր առաջ լավ դռներ բացեց։ Աշխատող մարդն ամեն տեղ էլ կգտնի իրեն, ուղղակի պետք է կարողանա զգալ ժամանակի զարկերակը, լինել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Փորձություններ, խանգարող մարդիկ լինում են, այստեղ ավելի շատ է մրցակցությունը, բայց երբ գլուխդ կախ գործդ ես անում, բամբասանքներին չես տրվում, չես փորձում մարդկանց ապացուցել՝ ով ես, կյանքը տալիս է քեզ հասանելիք բաժինը։ Մեր աչքն ուրիշի գործի և հաջողության վրա չէ»,– ընդգծեց պարուհին։

Նա նկատեց, որ շատ բամբասանքներ են լսում իրենց մասին, որոնք իրականության հետ աղերս չունեն։

«Բնական է, որ Ինստագրամով պետք է ցույց տանք դրականը, կարիք չեմ տեսնում սոցցանցերով ասելու, թե ինչ դժվարություններ ենք ունեցել։ Դա մեր ընտանիքի ներքին խնդիրն է։ Սակայն կյանքը միայն ինստագրամյան իրականությունը չէ»,– ասաց նա ու հավելեց, որ ամուսինն առաջիկայում կներկայանա «Հոգիս բուժիր» մոնոներկայացմամբ, որում ներկայացված են նաև վերջին շրջանի իրենց ապրումները, Սարգսի հոգու խոսքը։

Հիմա ամուսինները փորձում են անգլերեն սովորել, թեև Մանոն կատակեց, որ կարծես փոքրիկ Հայաստանում լինեն, նույնիսկ լեզվի թերի իմացությունը խնդիր չի առաջացնում։ Այնուամենայնիվ, ամուսիններն իրենց առաջ խնդիր են դրել շատ լավ սովորել լեզուն, քանի որ շատ են ուզում նաև ճամփորդել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել