Հաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս։
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածը` Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջը` հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ:
Իրականում շփման գծում տիրող իրադրությունն ու սահմանազատման հետ կապված գործընթացները մի կողմից իրար հետ փոխկապակցված են, մյուս կողմից, երկու թեման էլ բավականի ծավալուն են և նույնիսկ 1,5 ժամվա բովանդակային քննարկումը բավարար չէ հասկանալու և ուրվագծելու պետության առաջիկա անելիքներն այս ուղղությամբ:
Սահմանազատման հետ կապված հարցն այսպիսի հրատապ կերպով օրակարգ բերելը չի բխում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կենսական շահերից: Այս շտապողականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և շարունակաբար սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետությաննկատմամբ:
Անհասկանալի է նաև, թե Հայաստանի իշխանություններն իրեն նախաձեռնությամբ ինչու են սահմանափակում են մեր երկրի բանակցային հնարավորությունները, հայտարարելով, սահմանազատման հիմքում պետք է դրվեն խորհրդային ժամանակահատվածի քարտեզները:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Խորհրդային միության ժամանակահատվածում, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները տարբեր փոփոխությունների են ենթարկել և պարզ չէ, թե սովետական ժամանակաշրջանի որ թվականների քարտեզներով են առաջնորդվելու սահմանազատում իրականացնողները, պարզ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվելու կոնկրետ ժամանակահատվածի քարտեզը:
Պետք է նաև արձանագրել, որ խորհրդային տարիների տարբեր տասնամյակների ընթացքում կատարված սահմանային փոփոխությունները կատարվել են խորհրդային Հայաստանի, խորհրդային Ադրբեջանի և խորհրդային միության սահմանադրությունների խախտումներով և միջազգային իրավունքի առումով չեն կարող պարտադիր հիմք համարվել:
Կրկնում եմ՝ Հայաստանը չունի միազգային պարտավորվածություն՝առաջնորդվելուխորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով, իսկ առկա քարտեզները, որոնք որքան էլ կարևոր են ուղենիշային առումով՝ որպես բանակցային ելակետ, ինքնին իրավական ակտ չեն:
Անթույլատրելի եմ համարում այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանն, այսպես կոչված, սահմանային ճշգրտումներ է իրականացնում սահմանային տարբեր հատվածներում և մարտավարական ու ռազմավարական բարձունքներ զբաղեցնում, իսկ Հայաստանի իշխանություններն իրավիճակին պատշաճ չեն արձագանքում։
Միաժամանակ խորը մտահոգություն է առաջացնում իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքերի, այսպես կոչված, ադրբեջանական ակլավների մասին հայտարարություններ հնչեցնելը, որն Ադրբեջանի համար առավել ագրեսիվ գործելու և խաղարկելու հնարավորություններ է տալիս։ Այդ տարածքները ՀՀ տարածքներ են և կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։
Հայաստանը մտնում է չափազանց բարդ գործընթացի մեջ, որի հիմքում պետք է լինի մասնագիտական խորը վերլուծություն, քաղաքական նուրբ հաշվարկ և, իհարկե, ցանկալի արդյունքին հասնելու արդյունավետ ուղիներ, որն այս պահին իշխանությունների քայլերում որևէ ձևով չեն արտացոլվում:
Ինչ վերաբերվում է շփման գծում տիրող իրավիճակին, ապա այն առաջին հերթին պետք է դիտարկել զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և, մասնավորապես, առաջնագծում նախատեսված փոփոխությունների, համակարգային վերանայումների և նոր մոտեցումներ որդեգրելու համատեքստում:
Երկրորդ, պետք է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով վերլուծել իրադրային հնարավոր փոփոխությունների ռիսկերը, առաջ եկող սպառնալիքներն ու դրա զսպումը, ինչպես նաև՝ մեր հնարավորությունները արդյունավետ դիմակայելու անվտանգային բոլոր կարգի խնդիրներին:
Առաջնագծի արցախյան և հայաստանյան ճակատում գրանցվող միջադեպերը և դրանց սոցիալ-հոգեբանական, քաղաքական, ռազմական ազդեցությունը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում ու Արցախում որևէ ձևով չի հաշվարկվում, դրա հիմքում չկա որևէ լուրջ վերլուծություն և ըստ այդմ՝ իշխանության իրականացրած միջոցառումները, կրավորական կեցվածքը որևէ ձևով չեն համապատասխանում իրադրային փոփոխություններին:
Սահմանազատման հետ կապված խնդիրներն ու շփման գծում տիրող իրադրությունը հանրային հետաքրքության և կարևորության իմաստով ավելի քան ակտուալ է և այս հրատապ նիստի գլխավոր նպատակը մեր շուջ տեղի ունեցող բարդագույն գործընթացները հանրային քննարկումների դաշտ բերելն է ու իշխանությանը ստիպել, որպեսզի զերծ մնան գործընթացի տապալումներից կամ այնպիսի ճանապարհ բռնելուց, ինչը Հայաստանին նոր ողբերգության առաջ կկանգնեցնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել