Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում համայնքային ևս 6 մանկապարտեզ ամբողջությամբ կհիմնանորոգվի: Քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի թիվ 135, 138, 109, 110, 81 և 161 մանկապարտեզներում ծրագրի շրջանակում կտեղադրվեն էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, կիրականացվի շենքերի սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, որոնց արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև տեղի կունենա արտանետվող CO2 գազի նվազեցում:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի աջակից ու գործընկեր կառույցներին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ առանց կատարված դրամաշնորհային ներդրումների Երևան համայնքը հնարավորություն չէր ունենա իրականացնելու մանկապարտեզների սեյսմիկ ամրացման և հիմնանորոգման նման ծավալուն աշխատանքներ:

«Ուզում եմ նշել այս ծրագրի կարևորությունը Երևան համայնքի համար՝ պայմանավորված մի քանի հանգամանքով. նախ՝ այս ծրագրի հիմնական շահառուն մեր մանուկներն են, որոնք այս ծրագրի արդյունքում հնարավորություն կունենան հաճախելու բարեկարգ և անվտանգ շենքային պայմաններով ապահովված մանկապարտեզներ, երկրորդը՝ այս ծրագրի շրջանակներում մենք կունենանք սեյսմիկ առումով ամուր, էներգաարդյունավետ և մատչելի մանկապարտեզներ և կապահովենք մանկապարտեզների համապատասխանությունը սանիտարական չափորոշիչներին, ինչը հատկապես կարևորվում է ներկա համաճարակի պայմաններում, և երրորդ՝ էներգաարդյունավետության ծրագիրը Երևան համայնքի կողմից առաջին ոչ սուվերեն վարկն է, ինչի արդյունավետ կյանքի կոչման շնորհիվ մենք կունենանք հնարավորություն՝ նմանատիպ հաջորդող ոչ սուվերեն վարկերի ստացման և նոր ծրագրերի իրականացման համար»,- նշել է քաղաքապետը։

Գոհունակություն հայտնելով ծրագրի ընթացքից՝ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդյունքները կլինեն տեսանելի:

«Սա այն բազմաթիվ նախագծերից մեկն է, որն իր շուրջն է համախմբել Երևանի քաղաքապետարանին, Եվրոպական Միությանը և, իհարկե, Եվրոպական ներդրումային բանկին: Այս նախագիծը երկու հետաքրքիր կողմ ունի. առաջինը էներգաարդյունավետության ապահովումն է և բարելավումը, ինչպես նաև էներգիայի սպառման նվազեցումը, և երկրորդը՝ այս համատեքստը շատ կարևոր է Եվրոպական ներդրումային բանկի համար, քանի որ այն հանդիսանում է եվրոպական կլիմայի բանկ»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչ Ռաֆալ Ռիբացկին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 մլն եվրո, որից 7 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P), 1 մլն եվրո դրամաշնորհ Կանաչ կլիմայի հիմնադրամից, որը տնօրինվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից և 2 մլն եվրո՝ Երևան համայնքի բյուջեից: Ծրագրի շրջանակներում հարկերը համաֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

Հարկ է նշել, որ նույն ծրագրի առաջին փուլով համայնքային 8 մանկապարտեզներում (թիվ 36, 49, 22, 23, 71, 74, 47,48) այս պահին աշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են: Նշված մանկապարտեզների պայմանագրերը ստորագրվել էին դեռևս 2020թ. սեպտեմբերին և 2021թ. ապրիլին:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրից բացի, նախակրթարաններում նաև Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով են հիմնանորոգման աշխատանքներ իրականացվում:

«Մենք շատ ենք կարևորում մանկապարտեզների հենց հիմնանորոգումը, ոչ թե պարզապես նորոգումները: Նախորդ տարի 12 մանկապարտեզ հիմնանորոգած մենք հանձնել ենք, այս տարի քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է և, կարծում եմ, մեծամասնությունն այս տարի շահագործման կհանձնենք, ևս 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում, որոնցից մեկը այս տարի կհանձնենք, մնացած 7-ը՝ մյուս տարի և քիչ առաջ ստորագրեցինք ևս 6 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագրերը»,- նշել է Հայկ Մարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել