Armenpress.am-ը գրում է․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից հոկտեմբերի 21-ին արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը, հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև՝ իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։

«Խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:

ՄԻՊ-ի հայտարարությանը հետևել էր ՀՀ Պաշտպանության նախարարության հերքումը, որտեղ ասվում էր, որ ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 21-ին կրկին հայտարարություն տարածեց՝ այս անգամ հրապարակելով նաև տեսանյութ:

«Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ, ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները»,- հոկտեմբերի 21-ի հայտարարության մեջ նշել է Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել