ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությանը՝ նշելով, որ այն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, իսկ Ռուսաստանը հավանություն է տվել:

«Ելնում ենք այն հանգամանքից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Եվ մեր կարծիքով՝ այդ մեխանիզմի գործարկումը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը միջպետական հարաբերություններում, առկա հակասությունների կարգավորմանը և տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը»,- ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափի ստեղծման մասին օրեր առաջ Մոսկվայում քննարկումներ են տեղի ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և ՀոսեյնԱմիր Աբդոլլահիանը՝ դրական գնահատելով նման նախագծի միտքը: Ըստ նախագծի նոր ձևաչափով քննարկումներին պետք է ներգրավվեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել