168.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում տեղի ունեցած Արցախից տեղահանվածների սոցիալական, կրթական ու իրավական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի հետ կապված շատ դրվագներ այսօր հայտնի չեն, և դժվար թե ներկայիս իշխանությունների օրոք կարողանան այդ հարցերի պատասխանները ստանալ։

«Դրա գլխավոր պատասխանատուն այսօրվա իշխանությունն է, որը հետպատերազմյան շրջանում ամեն ինչ անում է եղածը քողարկելու և այլ կեղծ թիրախներ գտնելու համար։

Իրականում ցանկացած ռազմական գործողություն ունենում է իր գրավոր հրամանը, որում ամրագրված է լինում նաև ճակատի հրամանատարը։ Այսինքն՝ երբ հնարավոր լինի ստանալ այդ գաղտնի տեղեկատվության տիրապետումը, պարզ կլինի, թե որ ուղղությամբ ով է եղել այդ ամենի պատասխանատուն»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ այսօր Արցախում առաջնայինն անվտանգության խնդիրն է, սակայն դրանով չի ցանկանում երկրորդել բոլոր այն խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին քննարկման ժամանակ։

«Բոլոր այն մարդիկ՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը պետք է և կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, ապա նրանք սխալվում են կամ մոլորեցնում են մեզ։ Պաշտպանության բանակը պետք է վերականգնվի ու արդիականացվի։ ՀՀ իշխանությունների վարքն անթույլատրելի եմ համարում՝ Արցախի խնդրիների հետ կապված ձեռքերը լվանալ և լծվել զուտ հումանիտար բնույթի հարցեր լուծելուն, որովհետև երկարաժամկետ խնդիրների կտրվածքով մենք չգիտենք, թե Արցախում ինչ իրավիճակ կստեղծվի։ Եթե Արցախում ու Հայաստանում չունենանք ՊԲ անհրաժեշտ հզորություն, ապա բանակցային գործընթացում որևէ ձևով, որևէ հարցում հաջողության հասնելու հնարավորություն չկա»,- հավելեց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել