«Ադրբեջանական զինված ուժերը մայիսից սկսած ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Թվում է, թե Հայաստանը պետք է տարբեր միջազգային հարթակներում ամենալուրջ կերպով շարունակի բարձրացնել այս հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը բավարարվեց միայն երկկողմանիորեն զորքերը սահմանից դուրս բերելու և դիտորդներ տեղակայելու առաջարկով։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ առաջարկը, այլև տարբեր տեսակի սադրանքների է դիմում, ինչպես նաև ամրանում իր զբաղեցրած դիրքերում։

Օրերս էլ ՄԻՊ Արման Թաթոյանն էր անդրադարձել այս խնդրին՝ արձանագրելով, որ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիներն ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը։ Նկատի ունենանք, որ ՄԻՊ-ը շատ լուրջ հարց է բարձրացնում, քանի որ խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է։ Սակայն ուշագրավ է, որ ՄԻՊ-ի կատարած արձանագրումներին ի պատասխան հետևում է ՊՆ-ի անհասկանալի արձագանքը։ Դրանով, կարծես, շարունակվում է իշխանությունների կողմից ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը հերքելու հերթական գործելակերպը, թե դրանք ուռճացված են, անճշտություններ են պարունակում և այլն։

Եթե հիշում եք, մի այդպիսի դեպք էլ վերաբերում էր գերիների հարցին, երբ Բաքվում հայ գերիներին խոշտանգելու մասին ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվանեց «հնարովի տեսարաններ»։ Այս անգամ ներկայացված պարզաբանմամբ պաշտպանական գերատեսչությունն, ըստ էության, անտեսելով Հայաստանի բնակչության շահերը, ցանկանում է համոզել հանրությանը, թե իբր ադրբեջանցիները չեն ամրապնդվում ՀՀ տարածքում։ ՊՆ-ն նշում է, թե ադրբեջանցիները դիրքային ամրապնդման ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացնում: Ստացվում է՝ իրականացնում են, բաց ոչ ակտիվ: Սակայն ՊՆ-ն այդպես էլ չի հերքում, որ խոսքը ՀՀ տարածքի մասին է:

Այսինքն, ռազմական գերատեսչությունը չի հերքում ՄԻՊ-ի արձանագրած իրողությունները, որոնք վերաբերում են կոնկրետ Գեղարքունիքի մարզի տարածքին։ Ի դեպ, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները կա՛մ վախենում են, կա՛մ ուղղակի պաշտպանում են ադրբեջանցիների քայլերը: Մյուս կողմից էլ՝ հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ գործ է հարուցել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում, և Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների փաստերը հերթով արձանագրելու ու դատարանին ներկայացնելու հատուկ անհրաժեշտություն կա։

Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանին արժանի պատասխան տալու ու անվտանգության համակարգի հիմքերն ամրապնդելու փոխարեն ՀՀ իշխանությունները ջուր ծեծելով են զբաղված։ Դրա վառ դրսևորումն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը։ Ինչ նոր խորհրդարանը ձևավորվել է, անվտանգային առումով մեծ կարևորություն ունեցող այս հանձնաժողովի աշխատանքը, մեծ հաշվով, դարձել է ձևական։ Իշխանություններն արդեն տևական ժամանակ զբաղված են միայն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածության մերժմամբ։

Հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչները, իսկ օրերս էլ նիստին այցելած ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ընդդիմության կողմից բարձրացված հարցերին ու մտահոգություններին ընդհանրապես բովանդակային պատասխան չեն տալիս։ Իսկ հանձնաժողովի օրակարգում ներկայացրած հատուկենտ նախագծերն էլ անվտանգային առումով առանձնապես մեծ նշանակություն չունեն։

Ստացվում է, որ անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ տանելու փոխարեն ոլորտի պատասխանատուները միայն ընդդիմադիր պատգամավորների վրա մուննաթ գալով ու հոխորտալով են զբաղված։ Ժամանակին Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե ինչպես ցանկանում, այնպես էլ բանակցում են, հիմա էլ իշխանությունները փաստացի հասկացնում են, թե անվտանգության ոլորտում ինչպես ուզում, այնպես էլ անում են։ Վերջը բարի լինի...»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել