«Մարդիկ շարունակում են քննարկել ու վերլուծել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Շատերը չեն հասկանում` ինչպե՞ս պատահեց, որ հունիսի 20-ին նման անվերապահ հաղթանակ տարած իշխանությունը չկարողացավ մարզերում, որտեղ մի քանի ամիս առաջ մոտ 60 տոկոս ձայն է ստացել, հաղթանակ գրանցել: Եվ դա բացատրում են է՛լ սխալ թեկնածուներ ընտրելով, է՛լ ընդդիմադիր թեկնածուների կախարդանքով, իսկ Գորիսի դեպքում այնքան ցավոտ է պարտությունը, որ լուրեր են տարածում, թե «քֆուր էին դրել Առուշին չընտրողների վրա», եւ «գողական» գորիսեցիներին այլ բան չէր մնում, քան գնալ ու հնազանդորեն ընտրել նրան:

Ոչ մեկի մտքով չի անցնում դրան հակադարձել` ախր Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն երեք տարի է՝ «քֆուր են դրել» նախկինների եւ նրանց աջակցողների վրա, ու այս տարիներին ինչ ասես չի արել հանրությունը «նախկին» կոչվելու խարանից ազատվելու, սեւ չկոչվելու, պարզ ասած` «քֆուրի» տակ չմնալու համար: Եթե նման գողական մեթոդներն աշխատեին, ապա կաշխատեին հենց իշխանությունների համար, այլ ոչ թե բանտում գտնվող ընդդիմադիր երիտասարդի: Մանավանդ` Գյումրիի ու Մեղրիի պարագայում այդ գործոնն էլ էր բացակայում:

Պարզապես, ինչպես ամեն ինչում, ընտրություններում էլ մի օր գալիս է «քարերը հավաքելու ժամանակը», երբ մարդիկ հասկանում են, որ Գարիկ Սարգսյան, Վահան Քերոբյան, Լիլիթ Մակունց եւ այլ «կարկառուն» դեմքեր առաջ քաշած իշխանությունը խայտառակ կադրային քաղաքականություն է վարում, որ նրա բերած կադրերը ձախողում են ամեն ինչ, ուստի համայնքապետը պետք է լինի իրենցից մեկը` վստահելի, հարեհաս, գործունյա, համայնքի խնդիրներից քաջատեղյակ ու համարձակ: Հասկանում է, որ խոսքով երկիր չես կառավարի, եւ խոսքի ու գործի տարբերությունը հաճախ շատ մեծ է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել