168.am-ը գրում է.

Թուրքական ավիաուղիներ (THY) պետական ընկերությունը թռիչքային քարտեզից ջնջել է Հայաստանի Հանրապետությունը։ Թվիթեր սոցիալական ցանցում աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել, որը հարուցել է ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա վերլուծաբանների, դիվանագիտական հանրության զարմանքը։

Անի Պողոսյան անունով օգտատերը՝ «Մի փոքր ամրապնդեք Ձեր փաստարկները… տեսանյութը կօգնի՞» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել  Թուրքական ավիաուղիներ (Turkish Airlines) ընկերությանը պատկանող ինքնաթիռում ուղևորների համար հասանելի թռիչքային քարտեզից, որում հարավկովկասյան քարտեզից ջնջված է, պարզապես չկա Հայաստանի Հանրապետությունը։

Ի դեպ, ուղևորը, ով նկարահանել է քարտեզը, մանրամասնորեն ցուցադրում է տարածաշրջանը. քարտեզում երևում են բոլոր երկրները՝ քաղաքներով, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, սակայն ՀՀ տարածքի վրա որևէ գրություն չկա։

Ի դեպ, տվյալ քարտեզով թուրքական ընկերությունը ոչ միայն «ջնջել է» ՀՀ տարածքը, այլև ՀՀ տարածքները միացրել է Թուրքիայի տարածքին։

Այսինքն՝ թուրքական այս ընկերությամբ երթևեկող յուրաքանչյուր ուղևոր, ով օգտվում է այս քարտեզից, իսկ թռիչքների ընթացքում ուղևորները սովորաբար ուսումնասիրում են քարտեզը, պարզապես չեն տեսնում Հայաստանի Հանրապետությունը, քանի որ դրանում Հայաստանը պարզապես չկա, այն ներկայացված է՝ որպես Թուրքիային կից տարածք։ Կարելի է պատկերացնել, թե տարվա ընթացքում քանի միլիոն մարդ է օգտվում պետական այս ավիաընկերության ծառայություններից և ծանոթանում քարտեզին՝ առանց Հայաստանի։

Անի Պողոսյանի գրառման ներքո քննարկումներ են ծավալվել թուրքական պետական ընկերության նմանօրինակ պահվածքի դրդապատճառների շուրջ, սակայն հատկապես  հետաքրքրական էր  2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունը։

Նա  մասնավորապես գրել է․ «Հայաստանի Հանրապետությունն անհավանականորեն ջնջված է Turkish Airlines-ի թռիչքային քարտեզից: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել