168.am-ը գրում է․

Հոկտեմբերի 17-ին  հանրապետության վեց համայնքներում, բայց առաջին հերթին ու հատկապես՝ Գորիսում կայացած ընտրությունների արդյունքներն ունեն ոչ միայն լուրջ քաղաքական, այլ նույնքան, իսկ գուցե ավելի շատ բարոյական նշանակություն։

Անազատության մեջ գտնվող Առուշ Առուշանյանի հաղթանակն իշխանական ողջ մեքենայի դեմ կոտրեց այն անհուսության մթնոլորտը, որը հատկապես հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո, թվում էր՝ դեռ շատ երկար է տիրապետելու Հայաստանում։ Բայց կիրակի օրը կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը դուրս է գալիս գործող իշխանության հիմնական հենարանը համարվող թմբիրից ու քարոզչական, մանիպուլյատիվ ազդեցությունից։ Առաջին հերթին՝ Գորիսում, բայց նաև՝ Գյումրիում քաղաքացիներն իրենց ընտրությամբ ոչ այնքան ընտրեցին կոնկրետ թեկնածուների, որքան մերժեցին մերժմամբ իշխանության եկածներին։

Այս արդյունքները, իհարկե, լրջագույն  մարտահրավեր են գործող իշխանության համար և կարող են ունենալ շղթայական էֆեկտ՝ ցանկացած, անգամ՝ փոքր կայծի արդյունքում։

Բայց ընտրությունների այս արդյունքները, մարտահրավեր լինելով առաջին հերթին իշխանության համար, մարտահրավեր են նաև գործող տիտղոսային ընդդիմության համար, որը ոչ միայն այլևս չի կարող իր անհաջողությունները վերագրել հասարակության անտարբերությանը, այլև այդ ընտրություններից հետո ոչ ֆորմալ պարտավորություն է ստանում իշխանության դեմ առանձին վերցրած բնակավայրերում արձանագրված հաղթանակը համապետական դարձնելու հարցում։ Առաջիկա ներքաղաքական զարգացումներն այդ առումով մեծապես կախված են լինելու նրանից, թե ո՞վ կկարողանա համարժեք արձագանքել այդ մարտահրավերին՝ նաև այս ընտրություններով թուլացած իշխանությո՞ւնը, թե՞ նույն ընտրություններով առնվազն բարոյահոգեբանական հարթությունում էական առավելություն ստացած ընդդիմությունը։

Իսկ ավելի լայն համատեքստում, ներքաղաքական զարգացումները կարող են ընթանալ նաև այդ երկու բևեռների գործողություններից անկախ, որովհետև եթե գործող իշխանության մերժումը դարձավ հանրային, համապետական պահանջ, այն կարող է իրականացվել անկախ քաղաքական դաշտի գործող խաղացողներից, այդ թվում՝ նոմինալ ընդդիմությունից։

Այլ կերպ ասած, մերժումը կարող է վերաբերել ոչ միայն իշխանությանը, այլ նաև նրան հեռացնելու ֆորմալ խոստմամբ ընտրություններում ձայներ ստացած ընդդիմությանը, որի համար ընտրությունների այս արդյունքները կարող են դառնալ՝ ինչպես նոր խթան, այնպես էլ՝ արդեն իսկ երևակվող ճգնաժամի խորացման առիթ։

Բայց հասարակությունը՝ որպես քաղաքականության սուբյեկտ, կարող է գտնել ճգնաժամերի լուծման ուղիները՝ ոչ միայն իշխանության, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ ընդդիմության ճգնաժամերի պարագայում։ Այս կամ այն հարցում, այդ թվում՝ իշխանափոխությանն առնչվող հանրային պահանջի առկայության դեպքում, քաղաքական դաշտի հիմնական խաղացողների անհամարժեքության դեպքում հասարակությունը կարող է գտնել իր առաջադրած պահանջը սպասարկող նոր սուբյեկտների։

Իհարկե, այս ամենով հանդերձ, սխալ է գերագնահատել ՏԻՄ ընտրությունների նշանակությունը, քանի որ այդուհանդերձ դրանք ունեն մեծ թվով տեղային առանձնահատկություններ։ Բայց քաղաքականության առանձնահատկությունն էլ՝ իր հերթին, անգամ թույլ հանրային ազդակներով, մասշտաբային գործընթացներ հարուցելու կարողությունն է։ Գորիսն այդ առումով կարող է դառնալ կամ նոր հնարավորությունների գեներացման աղբյուր, կամ հանրային հերթական հիասթափության հանգրվան։

Հարություն Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել