168.am-ը գրում է․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել և տնակների տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ Միաժամանակ մարզպետը հակադարձեց ՄԻՊ Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե թշնամին Գեղարքունիքի մարզի սահմանային այն հատվածներում, որտեղ մայիսի 12-ից գտնվում է՝ մեծածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում, ապաստարաններ է կառուցում ու կուտակում մեծածավալ քանակությամբ վառելափայտ։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրենք ամեն օր տեսնում են, թե թշնամին ինչ մեծ քանակությամբ վառելափայտ է կուտակում։
«Ինչ վերաբերում է շինարարություն իրականացնելուն, ապա մայիսի 12-ից, ինչ թշնամին ներխուժել է մեր տարածք, շինարարություն են իրականացնում, տեխնիկա կուտակում։ Այդ ամենը ամենօրյա բնույթ է կրում։ Մի քանի օր է՝ ակտիվ վառելափայտ են բերում, ձմռանն են նախապատրաստվում»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Նա նաև շեշտեց՝ մարզպետը չի՞ տեսել, որ մայիս ամսից թշնամին ՀՀ սուվերեն տարածքում նստած՝ աշխատում է, ամրացնում դիրքերը։
«Հիմա էլ ի՞նչ պետք է անեն, ինչ անելու էր, իրենք էն գլխից արել են։ Լավ է, որ այս շրջանում կրակոցներ չկան»,- եզրափակեց Վերին Շորժայի գյուղապետը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։