ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը Մինսկում լավ առիթ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման համար: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վերլուծելով նախարարների՝ հինգշաբթի հնչեցրած ելույթներն ու ստեղծված բանակցային իրավիճակը:

«Երկու դիվանագետն էլ առավելագույնս օգտագործեցին այս հարթակը. նրանք անհատական հայտարարություներ արեցին, առանձնազրույց ունեցան ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, և վերջապես երեքով հանդիպեցին նույն սեղանի շուրջ: Սակայն միակ հարցը, որի շուրջ նրանց հաջողվել համաձայնության գալ, այն է, որ պատերազմի ավարտից հետո անցած մեկ տարին այդպես էլ խաղաղություն չբերեց տարածաշրջանին»,- նկատում է հոդվածի հեղինակը:

Դեռևս նախքան հանդիպումը, Բայրամովը որոշեց հանդես գալ հայտարարությամբ. «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ հարգելով տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Վերջինս նշել էր նաև, որ հակամարտությունն անցյալում է:

«Ինչպես հայտնի է, հայկական կողմը բոլորովին այլ տեսակետ ունի: Օրինակ, վերջերս Մոսկվա այցելած Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ «ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված»: Արարատ Միրզոյանը Մինսկում ելույթ է ունեցել նույն ոգով: Վերջինս ընդգծել է, որ Լեռնայի Ղարաբաղի շուրջ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մեծ ավանդ կլինի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»,- ներկայացնում է պարբերականը:

«Խոսելով ԱՊՀ զարգացման մասին՝ Միրզոյանը մատնանշել է «ժողովուրդների հավասար իրավունքների սկզբունքի և ինքնորոշման իրավունքի» պահպանման անհրաժեշտությունը: Նախարար նշել է, որ այդ հարցը բարձրացրել է «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի» համատեքստում»,- նկատում է հեղինակը:

Հայտարարություններից հետո նախարարները առանձին հանդիպումներ են անցկացրել Լավրովի հետ, ապա նաև եռակողմ: Ինչպես նկատում է աղբյուրը, հանդիպումների ավարտին հրապարակված մամուլի հաղորդագրություններից կարելի է դատել, որ երկու կողմն էլ գրեթե միանման դժգոհ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի ոչ ամբողջական իրականացումից:

«Մեկ այլ հարց է, որ այդ խոսքերում նրանք լրիվ տարբեր միտք են դնում: Ըստ էության, հայկական կողմի հայտը պահվող անձանց անհապաղ վերադարձն է, որոնք դեռևս գտնվում են Բաքվում, սակայն գլխավորը ռուսական խաղաղապահ առաքելության պարտադիր երկարաձգումն է հաջորդ հինգ տարվա համար: Բայրամովն, իր հերթին, հղում անելով փաստաթղթի որոշ կետերի իրականացմանը, ուշադրություն է հրավիրել մեկ այլ բանի վրա»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Բայրամովն ուշադրություն է հրավիրել հաղորդակցական ուղիների բացմանն ու սահմանազատման գործընթաց սկսելու վրա:

ՌԴ ԱԳՆ-ից միաժամանակ հանդիպման ավարտին հաղորդագրություն են տարածել՝ ասելով, որ «պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները մնացյալ հարցերի շուրջ»:

«Սակայն հինգշաբթի երեկոյան ևս մեկ անգամ հաստատվեց Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ խնդիրների առկայությունը»,- գրում է պարբերականն՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ ադրբեջանական ուժերի հնչեցրած կրակոցներին, որոնց հետևանքով վեց զինծառայող վիրավորում է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել