168.am-ը գրում է․

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից օգոստոսի 26-ի տվյալներով մահացել է շուրջ 9000 երեխա, իսկ վերջին ամսվա ընթացքում վարակվածության դեպքերն ավելացել են. այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Լեյլա Նամազովա-Բարանովան՝ Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանից:

Հայաստանում սեպտեմբերի 22-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակված է 30 երեխա:

Եվ քանի որ կորոնավիրուսի ու գրիպի ախտանշանները գրեթե նույնն են, մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից փորձեցինք պարզել, թե երեխաների դեպքում ի՞նչ պետք է անեն ծնողները, ե՞րբ պետք է դիմեն բժշկի:

«Եթե երեխան ջերմություն ունի, ու այն 38 աստիճանից բարձր է, պետք է անպայման դիմեն մանկաբույժի: Հիմա բավականին տարածված են ռոտավիրուսային վարակները: Դրան նպաստում է եղանակի փոփոխությունը, և երեխաները շուտ են հիվանդանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժը:

Նրա փոխանցմամբ՝ կորոնավիրուսը սովորաբար երեխաներն ավելի թեթև են տանում, քան մեծահասակները: Հիվանդությունն ընթանում է  սուր շնչառական վարակի կլինիկական նշաններով։ Վիրուսով վարակվելու դեպքում հիմնական նշաններն են՝ դողը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը:

Կորոնավիրուսով վարակվելու դեպքում երեխաները 2-3 օր ջերմում են, հետո գուցե մի քանի օր լինի փորլուծություն, ու առողջանում են:

«Փակ տարածքում, կարևորը, պետք է երեխաները կարողանան պահպանել 1.5 մետր սոցիալական հեռավորությունը, հաճախ ախտահանեն ձեռքերը, դիմակ կրեն: Տարրական դասարաններում այս ամենին պետք է ուշադիր լինեն ուսուցիչները: Ինչպես նաև դասամիջոցներին պետք է աշխատեն օդափոխել դասասենյակները»,- հավելեց մանկաբույժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել