Armeniasputnik.am-ը գրում է.
Արարատի մարզի Երասխ գյուղում կրակոցներ չկան, սակայն բնակիչներից մեկի խոտի դեզն այրվում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։
«Կրակոցներ չկան այս պահին, միայն բնակչի խոտի դեզն է այրվել։ Ներկայում հրշեջները մարում են այն։ Չգիտեմ` արդյոք կրակոցներից է այրվել, թե ոչ, փորձագետները կասեն»,- նշեց Օղիկյանը։
Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ հարցին, թե արդյոք այրվող շինություն կա Երասխում, գյուղապետը բացասական պատասխան տվեց։
«Ես նման տեսանյութեր չեմ մեկնաբանում, այլ իմ աչքի տեսածն եմ ասում»,- ասաց Օղիկյանը։
Նշենք, որ համացանցում տեղեկություն ու տեսանյութ կա, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակոցներից հոկտեմբերի 9-ին հայ զինծառայող էր վիրավորվել, նրան վիրահատել են: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Պարբերաբար կրակոցներ են հնչում Երասխի հատվածում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել