Hraparak.am-ը գրում է.

Վանաձորում լուրեր են պտտվում, որ շուտով մարզպետ Արամ Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանը բարեկամանալու են` խնամիներ են դառնալու։ Արամ Խաչատրյանն ունի 21 տարեկան դուստր՝ Աննան, դե Նիկոլ Փաշինյանն էլ ունի 21-ամյա որդի՝ Աշոտ Փաշինյանը։

Վանաձորում խոսում են, որ քաղաք կատարած վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց այդ առիթով է հյուրընկալվել Արամ Խաչատրյանի տանը, այսպես ասած՝ հարսնատես է եկել։

Մենք զրուցեցինք Արամ Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար այդ խոսակցություններն իրակա՞ն են, թե՞ ժողովրդական բանահյուսության ժանրից են։ Հարցին, թե ճի՞շտ է, որ պատրաստվում են խնամիներ դառնալ, Լոռու մարզպետը պատասխանեց. «Ոչ, նման բան գոյություն չունի, ո՞վ է նման բան ասում, նման բան չի եղել։ Վարչապետը կնոջ հետ եկել է մեր տուն՝ թեյ խմելու, իրար հետ տարբեր հարցերի շուրջ ենք խոսել, սպորտից ու այլ թեմաներից ենք զրուցել, սովորական առօրյա ենք անցկացրել, ուրիշ որևիցե նման բան չկա»։

Հետաքրքրվեցինք՝ գուցե երեխաներն իրար հետ շփվո՞ւմ են, ընկերությո՞ւն են անում. «Ոչ։ Վարչապետն առաջին անգամ չէ, որ մեր տուն է գալիս, սա պարզապես ընկերական հանդիպում է եղել»,- պատասխանեց մարզպետը։ Այդ դեպքում ինչո՞ւ են Վանաձորում նման խոսակցություններ պտտվում՝ հարցրինք Խաչատրյանին. «Դե, ժողովուրդ է, մարդիկ են, ամեն ինչ կարող են խոսել, տարբեր բաներ կարող են խոսել, բայց իրականությունն այն է, ինչը ես Ձեզ ասացի»,- պատասխանեց Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել