Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիայում անցկացվել է կորոնավիրուսի հետ կապված լայնածավալ ուսումնասիրություն՝ հիմնված վերջին 7 ամսվա ընթացքում շուրջ 22 միլիոն մարդու տվյալների վրա: Համաձայն ուսումնասիրության՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց հետազոտողները նկատել են «հոսպիտալացման ռիսկի նվազեցում ավելի քան 90 տոկոսով»: Նշվում է, որ հատկապես կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոսպիտալացման և մահվան ռիսկը նվազեցում է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, ինչպես նաև այն արդյունավետ է «դելտա» շտամի նկատմամբ:

«Դա նշանակում է, որ պատվաստված մարդկանց մոտ 9 անգամ ավելի փոքր է մահվան և հոսպիտալացման ռիսկը, քան չպատվաստվածների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «France-Presse»-ին պարզաբանել է «Epi-Phare» կենտրոնի տնօրեն, համաճարակաբան Մահմուդ Զուրեիկը: Նման եզրահանգման գալու համար «Epi-Phare»-ի հետազոտողները համեմատել են 50 և ավելի բարձր տարիքի 11 միլիոն պատվաստված անձանց տվյալները համեմատել են նույն տարիքում 11 միլիոն չպատվաստված մարդկանց տվյալների հետ՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: 

Հետազոտությունները վերաբերում են «Pfizer-BioNtech»-ի, «Moderna»-ի և «AstraZeneca»-ի պատվաստանյութերին: Նշվում է, որ պատվաստանյութի արդյունավետությունը «չի նվազում հետազոտության ընթացքում, որը տևել է մի քանի ամիս»:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են հոկտեմբերի 11-ին: Նշվում է, որ հետազոտությունները շարունակվում են և ամիսներ անց կհրապարակվեն նոր տվյալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել