News.am-ը գրում է․

Չպատվաստված անձին պատվաստվածներից տարանջատելն ու անվճար բուժումից զրկելը նշանակում է, որ չպատվաստված անձանց նկատմամբ խտրականություն է դրսեւորվում, ինչն արգելված է: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերից չպատվաստված եւ կորոնավիրուսով վարակված անձանց բուժումը վճարովի դարձնելու՝ այս պահին դեռ քննարկման փուլում գտնվող որոշմանը:

«Օրերս ԵԽԽՎ-ն բանաձեւ էր ընդունել, ըստ որի՝ անձը չի կարող խտրական մոտեցման արժանանալ պատվաստվելուց հրաժարվելու կամ հակացուցում ունենալու պատճառով: Եթե նման որոշում կայացվի, դա խտրական է լինելու, եւ այն կարող է տարբեր ատյաններում՝ այդ թվում Սահմանադրական դատարանում վիճարկվել, պատգամավորները կարող են վիճարկել այն»,- նշեց փաստաբանը:

Ի՞նչ է անելու չպատվաստված քաղաքացին, եթե կորոնավիրուսային հիվանդության բարդացման դեպքում հոսպիտալացման անհրաժեշտություն առաջանա, այն դեպքում, երբ բուժումը՝ կախված հիվանդության թեթեւ կամ ծանր ընթացքից, կարող է շուրջ 800 000 դրամ արժենալ: Փաստաբանի խոսքով՝ նման դեպքում, եթե անձին ֆինանսական միջոցներ չունենալու դեպքում չհոսպիտալացնեն, նա պետք է նախ շտապ դիմի Մարդու իրավունքների պաշտպանին:

«Փաստաբանի պետք է դիմել, եթե չկան դրա համար բավարար ֆինանսական միջոցներ, կարելի է հանրային պաշտպանի ծառայություններին դիմել, վերջինը քայլեր ձեռնարկի, վարչական դատարան դիմի՝ գործողության կատարման հայցով՝ պատրավորեցնելով հոսպիտալացնել անձին, կամ պետք է ինչ-որ կերպ կատարի վճարումը բուժման համար, դրանից հետո ընդդեմ Առողջապահության նախարարության վիճարկի իրեն անվճար բուժօգնություն չտրամադրելը եւ վճարման գումարի չափով վնասի փոխհատուցում պահանջի՝ ներառելով նաեւ դատական, փաստաբանական ծախսերը: Կարծում եմ՝ ճիշտը վերջին տարբերակն է, որովհետեւ սա այն հիվանդությունն է, որը կարող է ճակատագրական լինել, եթե արագ քայլեր չձեռնարկվեն»,- նկատեց փաստաբանը:

Եթե, օրինակ, բուժհաստատությունը գումար չունեցող պացիենտին հոսպիտալացնի եւ բուժօգնություն ցուցաբերի, արդյո՞ք հետո վերջինի եւ քաղաքացու միջեւ «քաշքշուկ» չի առաջանալու՝ բուժման դիմաց վճարելու հարցում:

«Եթե պետությունը չի վճարում կազմակերպությանը, վերջինը պետք է որոշի՝ գումար պահանջելու՞ է քաղաքացուց, թե՞ իր նախաձեռնությամբ բուժօգնությունն անվճար է մատուցում: Եթե քաղաքացին գումար չի վճարելու բուժհաստատությանն ու, միաժամանակ, որեւէ քայլ չի ձեռնարկելու ընդդեմ պետության, բուժհաստատությունը կարող է քաղաքացու դեմ հայց ներկայացնել դատարան եւ այդ գումարը դատական կարգով նրանից բռնագանձի»,- պարզաբանեց փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել