Armenpress.am-ը գրում է․

Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը հոկտեմբերի 7-ին «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության առավել ամրապնդմանը։

Դեսպան Խարազյանը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնները և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-թուրքմենական համագործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Ռուբեն Խարազյանը պատասխանել է Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին և ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ խոնարհել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի դամբարանում և Անկախության հուշահամալիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել