Pastinfo.am-ը գրում է.

Կորոնավիրուսով վարակվածների բուժումը Հայաստանում կարող է վճարովի դառնալ։ Քննարկվում է, որ չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի ստացիոնար բուժումը դեկտեմբերի 1-ից կարող է դառնալ վճարովի: Մեկ հիվանդի բուժումը՝ կապված, կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից, ըստ ԱՆ-ի, կազմում է միջինը 800․000 դրամ։

ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ հարցը քննարկվում է նախարարությունում։ Մինչև օրս քովիդով բոլոր հիվանդների ստացիոնար բուժման ծախսն իր վրա էր վերցրել պետությունը, հիմա իրավիճակը այլ է, քանի որ ձեռք են բերվում պատվաստանյութեր, որոնք էլ քաղաքացիներին տրամադրվում են անվճար։

«Դա, ի սկզբանե, էր, երբ իրականում աշխարհում դեռ չկար պատվաստանյութ և հետո պետությունը ձեռք չէր բերել։ Սակայն դրանք բերվեցին ու անվճար տրամադրվում են քաղաքացիներին։ Ոմանք ընդունեցին համավարակի դեմ պայքարի՝ աշխարհում ընդունված տարբերակը՝ պատվաստվեցին, կանխեցին վարակի տարածումը։ Որոշ քաղաքացիներ ինչ-ինչ դրդապատճառներով որոշեցին չպատվաստվել։ Պետությունը քովիդով հիվանդների բուժման վճարը տրամադրում է հարակտուների վճարած հարկերի գոյացումից։

Անարդար է, որ պատվաստվածները վճարեն չպատվաստվածների համար ու անարդար է, որ չմիանան համավարակի դեմ միասնական պայքարին»,- ասել է խոսնակը։

Ըստ նրա՝ անհատի իրավունքների խնդիր այստեղ չկա, ամբողջ աշխարհում է ընդունվել, որ պատվաստումներով է հնարավոր պայքարել համավարակի դեմ։ Անհատի իրավունքը ստորադասվում է հանրային առողջության իրավունքին։

«Աշխարհում մի շարք երկրներ, որոնք հատել են պատվաստումային 70-80 տոկոսի շեմը, կարողացել են հոսպիտալացումների թիվը կրճատել և այդ բեռը թոթափել առողջապահական համակարգի վրայից ու նաև այլ հիվանդություններից բուժումներ էլ սպասարկել։ Այն պետությունները, որոնք պատվաստումների բարձր ցուցանիշ չունեն, որոշել են, որ պետությունը այլևս չի վճարի այն քաղաքացու համար, որը չի օգտվի անվճար օգնությունից՝ դա է պատվաստումը»,- հայտնեց ԱՆ խոսնակը։

Նրա փոխանցմամբ՝ միջինը մինչև 800 հազար դրամ արժե կորոնավիրուսի ստացիոնար բուժումը, սակայն գումարը կարող է ավելին լինել, եթե վերակենդանացման բաժանմունքի հարց լինի, կամ հիվանդությունն ուղեկցվի քրոնիկ մի շարք հիվանդություններով։ Հարկ է նշել, որ մասնավոր բուժհաստատություներում, օրինակ՝ Վարդանանց ԲԿ-ում «COVID-19-ի բուժում տնային պայմաններում» շատ ավելի մատչելի է, քան այսօր պետությունն է ներկայացնում՝ քրոնիկ այլ հիվանդություն ունեցող քաղաքացիների համար փաթեթի 14 օրն արժե 350.000 հազար դրամ, ընդ որում տնային պայմաններում, երբ իրենք են գալիս տուն եւ ապահովում պատշաճ բուժումը, իսկ «COVID-19-ի բուժում տնային պայմաններում Light» փաթեթի 14 օրն արժե 148 հազար դրամ։

Այլ խոսքով՝ պետությունը հիմա էլ որոշել է կորոնավիրուսի բուժումը եռակի թանկ վաճառել քաղաքացիների վրա։

Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ թեմային էր անդրադարձել նաև վարչապետը։ Փաշինյանը՝ դիմելով առողջապահության նախարարին, կառավարության անդամներին ու իրավապահ մարմիններին, խիստ հրահանգներ տվեց՝ անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հակապատվաստումային քարոզչություն անելուն:

«Ես նկատում եմ, որ մարդիկ կան, որոնք շարժում են սկսել կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու համար։ Ասում են՝ ինչի պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և գնան անվճար բուժվեն։ Եվ ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի բարձր է հնչելու»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։

Հրամանն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 14-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել