Արցախի ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ՝ հյուրանոցում բնակվող անձանց մասին, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող շուրջ 2.235.000 դրամ գումարի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն/, 334-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական անփութություն/ և 345-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում/ նախատեսված հանցանքների հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել