Armenpress.am-ը գրում է․

Իտալիայի խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հոկտեմբերի 6-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներ, հիմնավոր ապացույցներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, մանրամասնելով, որ Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները, և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

ՄԻՊ-ն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

«Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել