Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է նախորդ իշխանությունների օրոք վարած՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Աննա Գրիգորյանի հարցին:

Փաշինյանը նկատեց, որ ընդդիմադիր պատգամավորները մի քանի անգամ հիշատակել են Լիտվայում իր ունեցած հանդիպումը ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ նշած մի քանի հայտարարություններ են մեջբերել, բայց չեն հետաքրքրվել, թե ինչու է բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց անվանել:

«Բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ: 1998-ից ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային սեղանից: 1999-ին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան»,-ասաց Փաշինյանն ու ընթերցեց այն:

 Վարչապետը շարունակեց. «Երբ 2000-ականներին ՀՀ-ն ԼՂ-ի հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի՝ Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացրել է, որ ՀՀ-ն երեք քայլանի գործողությամբ ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ «ֆեյք», որովհետև այդ նույն իշխանության ներկայացուցիչներն այսօր այդ նույն համոզվածությամբ ասում են, որ այդպես կամ այնպես պետք է լիներ: Չի եղել այդպիսի բան»:

Նա նշեց, որ, երբ Ադրբեջանն ասում էր, որ ԼՂ-ն պետք  ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դա ասում էր՝ հիմնվելով 1998-1999 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության և կառավարության արած գործողությունների վրա: Այդ գործողությունները, նրա խոսքով, ապացուցելի են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել