ArmLur.am-ը գրում է.

Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության՝ (AZAL) տարածած հաղորդագրությունը, թե սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքն ու դեպի Նախիջևան թռիչք իրականացրել, մեծ աղմուկ է առաջացրել համացանցում:

Քաղաքական գործիչներից ու վերլուծաբաններից շատերն այն տեսակետին են, որ ՀՀ օդը Ադրբեջանի համար բացելն անթույլատրելի է:

Տեղեկություն կա, սակայն, որ Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար: Ադրբեջանական կողմը դեռևս 2013-2014 թթ. Է դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին։

Վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ, սակայն նրա թե’ բջջային, թե’ աշխատանքային հեռախոսահամարները զանգերին չեն պատասխանում:

Մենք փորձեցինք զրուցել Ռևազյանի տեղակալ Միհրան Խաչատրյանի, Ավիացիոն անվտանգության վարչության պետ Հենրիկ Գաբրիելյանի, Թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանի հետ: Բոլորը փորձերը, սակայն, անհաջողությամբ պսակվեցին: Պետբյուջեից աշխատավարձ ստացող ու մեր հարկերից սնվող հանրային պաշտոնյաների հեռախոսները զանգերի չեն պատասխանում: Հեռախոսազանգի միայն Եղոյանի վարչությունից արձագանքեցին: Աշխատակցուհին ասաց, թե «նա տեղում չէ, բայց տարածքում է, փոքր-ինչ ուշ փորձեք»:

Մինչև հասարակությունն ակտիվորեն քննարկում է, հուզվում է, նեղսրտում է, թե ինչո՞ւ է ադրբեջանական ինքնաթիռն օգտագործել ՀՀ օդը, քաղավիացիայի՝ խորը թմբիրի մեջ մնացած պաշտոնյաները անհաղորդ են բոլոր տեսակի հեռախոսազանգերին: Հուսանք՝ քնած չեն մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել