Armenpress.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V պատվաստանյութի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացվել են, մնացել են որոշ վարչական ընթացակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

«Ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է: Մենք ամբողջությամբ վերացրել ենք բոլոր հարցերը: Այժմ անհրաժեշտ է, որ ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ կայքում պատվաստանյութի գրանցմամբ, ստորագրի մի շարք փաստաթղթեր և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է: Մինչ օրս բոլոր խոչընդոտները վերացվել են, հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չենք տեսնում: Սա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից»,-ասել է ՌԴ առողջապահության նախարարը:

Ներկայումս Ռուսաստանում գրանցված է COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ: Դրանցից առաջինը  Sputnik V-ն է:  Այն հաստատվել է 70 երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել