Tert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Միքայել Պողոսյանի և Աննա Մաքսիմի համատեղ նախագծի՝ «Հայ հայը» ֆիլմի մասին։ Ոլորտում իր առաջին քայլերը որպես դերասանուհի արած Աննան տևական ժամանակ է՝ չի նկարահանվում։ Աննան նաև բեմական նոր անունով է ներկայանում՝ Աննա Մաքսիմ։
Ինչ վերաբերում է անվան ընտրությանը՝ Մաքսիմ Աննայի հայրիկի անունն է, որն էլ նա վերցրել է։ Նոր անվան հետ Աննան նաև նորովի է ներկայանում՝ որպես ռեժիսոր։ Միքայել Պողոսյանի հետ համառեժիսորությամբ նկարահանած ֆիլմից հետո Աննան պատրաստվում է ռեժիսորական իր անհատական դեբյուտին։
Tert.am Life–ի հարցին, թե ինչու այլևս չի ներկայանում որպես դերասանուհի՝ նա անկեղծորեն պատասխանեց․ «Երբ միտքդ մասշտաբային է՝ ամբողջ ֆիլմի տեսքով, արդեն պատկերացումդ ուրիշ է. դու գործ ունես մի ուրիշ կտավի հետ։ Իմաստ չէի գտնում որևէ դերակատարում ունենալ, հանուն ինչի։ Դերասանությամբ ուրիշի նախագծերում չես կարող քո ասելիքն ասել։ Այստեղ համառեժիսորությամբ, կամ երբ ամբողջ ռեժիսուրան քոնն է, կարողանում ես լիովին ներկայանալ հանդիսատեսին և կարևոր բանի մասին խոսել, ինչը, որպես դերասանուհի, ինձ մոտ առանձնապես չէր ստացվում»։
Հստակեցմանը՝ որպես դերասանուհի՞ չէր ստացվում, թե՞ համապատասխան նախագծեր չէր գտնում, Աննան պատասխանեց․ «Կարծում եմ՝ ով փնտրում է նա գտնում է, երևի չէի փնտրում, կարծում եմ՝ ռեժիսուրան է իմը»։