Tert.am-ը գրում է.

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումերս Հեյդարին տեղեկացրել է, որ բանակը զորավարժություններ է սկսում երկրի հյուսիսարևմտյան շրջանում, որն ընդգրկում է Արդեբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան նահանգները: Զորավարժությունների մասշտաբները որոշված չեն, սակայն հրամանատարի խոսքով՝ գործարկվելու են հաուբիցներ, անօդաչուներ, ուղղաթիռներ և զրահատեխնիկա:

Իրանական փորձագիտական շրջանակներում նշում են, որ նման ուսումնավարժանքներ վերջին անգամ տեղի են ունեցել անցյալ տարի, երբ ընթանում էր Արցախյան պատերազմը: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության խմբագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ վերլուծելով ներկա պահին մեկնարկող զորավարժությունների պատճառը:

Քաղաքագետը նշում է, որ «Բաքվում զգոնություն են դրսևորում»: Վերջինս հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով իրանական զորավարժությունններին, շեշտել էր, որ «անկախության 30 տարվա ընթացքում նման իրադարձություններ չեն եղել, ինչո՞ւ են հենց հիմա իրականացվում»:

«Եթե իրադարձությունների ընթացքը վերլուծենք տեղեկատվական տիրույթում հրապարակված հաղորդագրություններով, ապա Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը սկսվել է իրանական էներգառեսուրսների՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ մատակարարման պատճառով: Ի պատասխան ադրբեջանական իշխանությունները սկսեցին կանգնեցնել իրանական տրանսպորտային միջոցներն ու յուրաքանչյուր վարորդից 100 դոլար պահանջել որպես հարկ: Թեհրանն էլ սկսեց զորքեր մոտեցնել Ադրբեջանի հետ սահմանին: Դրան հաջորդեց «Իսլամական հեղափոխությա պահապանների կորպուսի» փոխղեկավար Ալի Ֆադավիի քննադատությունն Ալիևի հասցեին»,- նկատում է Տարասովը:

Ինչպես վերջինս նշում է, խնդիրն այն է, որ Արցախյան պատերազմի հետևանքով Գորիս-Կապան ճանապարհի մի մասը, որով անցնում են իրանական մեքենաները, հայտնվել է Բաքվի վերահսկողության տակ: Մաքսային ստուգում իրականացնելու Ադրբեջանի պահանջը վրդովմունք է առաջացրել Թեհրանում: Չէ՞ որ, ըստ Տարասովի, մի շարք փորձագետներ կարծում են, որ խնդիրը կարելի էր հարթել իրավական տիրույթում: Իրանը նախկինում էլ աջակցում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Սակայն այս անգամ «անսպասելի խափանում» տեղի ունեցավ:

Որոշ փորձագետներ իրանական ակտիվությունը կապում են վերջերս Նախիջանում  թուրք-ադրբեջանական «Անխափան եղբայրություն» և Կասպից ծովում «Երեք եղբայր-2021» խորագրերով տեղի ունեցած զորավարժությունների հետ: Սակայն նման մանրևները տարածաշրջանում առաջին անգամ չէ, որ անցկացվում են, և Թեհրանը մինչ օրս դրանց չէր արձագանքել: Այլ վերլուծաբաններ ուշադրություն են հրավիրում Իրանի հնարավոր դժգոհությանն Արցախյան պատերազմի արդյունքներից, ինչը հանգեցրել է Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը տարածաշրջանում:

Արաբ դիտորդները պնդում են, որ այն պահին երբ Ղարաբաղը ռազմական գործողությունների կիզակետում էր, «Թեհրանը գտնվում էր պատերազմի շեմին և կարող էր միջամտել իրադարձությունների ընթացքին»: Այս թեզի հիմքում ընկած է ենթադրությունը, որ «պատերազմը Լեռնային Ղարաբաղում մեծ ռազմավարական խաղի մի մասն էր», որի ընթացքում Թեհրանն ու Բաքուն գաղտնի համաձայնագիր են կնքել, որը ենթադրում էր այսպես կոչված՝ հետպատերազմական շրջանում Իրանի միջամտությունը՝ որպես միջնորդի, և ոչ թե Թուրքիայի: Նման տեսակետ է հայտնում Միջազգային հարաբերությունների և անվտանգության գերմանական ինստիտուտի աշխատակից Համիդրեզա Ազիզին: Նրա խոսքով՝ «այն ժամանակ Իրանն Ադրբեջանի կողմից էր՝ աջակցելով տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ հակամարտության ավարտից հետո պատասխան արտոնությունների մասին Բաքվի խոստման դիմաց»:

«Սակայն Թեհրանը չստացավ այն, ինչի հույս ուներ: Ինչ-որ մեկը խանգարեց: Սակայն ո՞վ»,- գրում է փորձագետը:

«Այս առնչությամբ մեծ ուշադրության է արժանի Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեի հայտարարությունն այն մասին, որ «Թեհրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ»: Իրանը վաղուց մեղադրում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցելու մեջ, սակայն թե ինչով է բացատրվում ներկայիս իրանական բողոքը հրեաների և պահանջները Բաքվի նկատմամբ, բացառությամբ այն ընդհանուր խոսքերից, որ «ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ և տեսանելի է դարձել», դժվար է հասկանալ: Հնարավոր է, որ ժամանակի հետ այդ ինտրիգի որոշ մանրամասներ հայտնի դառնան: Համենայն դեպս, երբ 2016 թվականի ապրիլին բախումներ սկսվեցին ղարաբաղյան ճակատում, իսրայելայական «Հարեեց» պարբերականը գրում էր, որ Իրանին շրջափակման մեջ առնելու նպատակով Իսրայելը կիրառել է Թուրքիայի և անգամ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնման սխեման՝ չնայելով այլ խաղացողների կարծիքներին՝ սակայն և չներկանալով որպես հակամարտության տեսանելի կողմ»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ այդ սխեման աշխատել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ Ադրբեջանը կարող է դառնալ կամ արդեն դարձել է բնական կամուրջ Իսրայելի և Թուրքիայի միջև:

Վերլուծաբանը գրում է, որ Իրանում տեղեկատվական արշավ է մեկնարկել Բաքվի դեմ, իսկ տեղի ԶԼՄ-ները հայտնում են Ադրբեջանում իսլամական դիմադրության նոր ընդհատակյա շարժման ստեղծման մասին: Նշվում է, որ այդ շարժման դրոշի վրա տեղադրված նշանն ակնհայտ նմանություն ունի Թեհրանի կողմից աջակցություն վայելող շիաների միավորումների հետ, որոնք ստեղծվել են ԻՀՊԿ-ի աջակցությամբ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել