168.am-ը գրում է․
«Պատերազմից մեկ տարի անց ունենք ավելի ծանր իրավիճակ, քան ունեինք մեկ տարի առաջ այս օրը, որովհետև երբ պայթեց առաջին ականը, մենք մտածում էինք, որ, ի վերջո, խաղաղության վերջին փամփուշտը պետք է մեր զինվորը կրակի, և դրանով հաստատվի խաղաղություն, այսինքն՝ մենք միանշանակ պետք է հաղթենք պատերազմում: Դա ավելի շատ խաղաղության սպասում էր, քան արհավիրքի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով՝ մեր զինվորը, մեր ազգը շատ ծանր ձևով դավաճանվեց:
Այսօր այն իրավիճակում ենք, որ եթե երբևէ գոնե գիտեինք՝ Արցախը դեռ չունի կարգավիճակ, և պայքարում էինք դրա համար, որ օրերից մի օր ձեռք բերի այդ ճանաչումը, բայց հիմա թելից կախված, ամեն օրով ապրելով՝ մտածում ես՝ փառք Աստծո, որ այսօր խաղաղ անցավ օրը: Յուրաքանչյուրն է գիտակցում, որ քանի դեռ կան այս իշխանությունները, Արցախը երբևէ չի կարող կարգավիճակի հնարավորություն ունենալ: Միգուցե իրենց եղբայր Ադրբեջանի նախագահի հետ փաստեն, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Եթե այսօր Արցախում լինեիք՝ կտեսնեիք, որ առավոտից անընդհատ լռություն է եղել, ամեն մեկը՝ իր ցավի, իր դարդի հետ, և արդեն մեկ տարին ամփոփած՝ մենք պատերազմի շարունակությունը դեռ տեսնում ենք՝ մեր գտնված մասունքներով, նոր հուղարկավորություններով, Եղբայրականի և Եռաբլուրի մեծացմամբ: Դեռ մեկ տարին չբոլորած՝ հայրեր են մահանում, արդեն որերորդ դեպքն է, չեն դիմանում այդ ցավին, այդ կսկիծին, այդ պարտության բեռին, որ իրենց ուսերին է դրված: Մայրեր են ինքնասպանության փորձեր անում, շատ-շատ են արդեն, որ չեն ուզում ապրել, չեն կարողանում: Սա է իրավիճակը»,- ընդգծեց նա:
Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանություններից ազատվելն է. «Պետք է չունենանք այս իշխանություններին, որովհետև ոչ թե մեզ դուր չեն գալիս, այլ տեսեք՝ որևէ պատերազմ չի կարող վերջնական փաստաթուղթ լինել, չի կարող կարգավիճակ տալ կամ խլել, կամ վերջնական հարց լուծել, և այդ պատճառով պետք է անպայման լինեն բանակցություններ: Այսինքն՝ պետք է բանակցությունների սեղանի շուրջ երկու կողմերը նստեն, բայց կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունները չեն կարող բանակցություններ վարել: Բանակցությունները լինում են գոնե քիչ թե շատ իրար հավասար կողմերի միջև, իսկ այստեղ լինելու է կապիտուլյացիայի ենթարկված անձ կամ անձինք, որոնց ուղղակի թելադրելու են, և իրենք անելու են այն, ինչ իրենց ասեն: Իսկ մեր պարագայում արդեն իսկ տեսնում ենք՝ ինչ են ասում իրենց, և ինչպես են իրենք դա անում: Չի կարող Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կամ, առավել ևս՝ Արցախում, հաստատել խաղաղություն, որովհետև այն խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսում են Ալիևն ու էրդողանը, և որը չի հերքում Նիկոլ Փաշինյանը, հակառակն է՝ ավելի պայթյունավտանգ փաստաթուղթ է ստորագրվելու, որից հետո Արցախը փաստացի հանձնվում է Ադրբեջանին, Սյունիքն է հանձնվում, և ամենակարևորը՝ Մեղրիի միջանցքը: Բայց դրա փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կոմունիկացիաները կբացվեն, որևէ խնդիր չի լինի և խաղաղություն կլինի տարածաշրջանում: Իհարկե, այդպես չի լինելու, որովհետև մարդ, ով իր հայրենիքը հեշտությամբ զիջում է, դառնում է ստրուկ, իսկ ստրուկի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են: Եթե ուզում ենք ելք գտնել, փրկվել, ուղղակի պետք է համախմբվենք մի գաղափարի շուրջ՝ ազատվել այս իշխանություններից»: