168.am-ը գրում է․
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի ելույթը շատ քաղաքագետներ որակում են ագրեսիվ ու հավակնոտ։
Նրա ելույթում ուշագրավ և միջազգային հանրության կողմից հիմնականում չընդունվող ձևակերպումների ու մտքերի պակաս չկար։

Ադրբեջանի ղեկավարը նույնիսկ չի խորշում միջազգային հանրության համար ականջահաճո հայտարարություններ անել, Ալիևը նշում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում գործոն է, և Հարավային Կովկասի բոլոր երկրներն ու խաղացողները պետք է նրա հետ հաշվի նստեն։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, չի էլ թաքցնում, որ հակամարտությունը լուծել է ուժով, իսկ այժմ բոլորը պետք է ընդունեն Ադրբեջանի պայմանները։

Նա ջանք չի թափում ցույց տալու համար, որ պատերազմից հետո պատրաստ է առանց նախապայմանների կարգավորման, այլ հստակ նշում է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների Հայաստանի հետ հստակ օրակարգի շուրջ, որը հայտնի է բոլորին՝ Խաղաղության համաձայնագիր սահմանների սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի հիման վրա և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացում։

«Հակամարտությունն ավարտվել է, այդ իսկ պատճառով Ադրբեջանն արդեն հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին, որը հիմնված կլինի միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Այդպիսի պայմանագիրը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան։ Սակայն մենք դեռևս մեր առաջարկության շուրջ դրական արձագանք չենք տեսնում Հայաստանի կողմից»,-  նշել է Ալիևը։

Ալիևը կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անունը:

«Ադրբեջանը 30-ամյա կոնֆլիկտը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով։ Այդ կոնֆլիկտը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող անունների քաղաքական օգտագործումը»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ: Բնականաբար, սրանով Ալիևը ելույթը չսահմանափակվեց, հնչեցին բազմաբնույթ քաղաքական և հումանիտար հանցագործությունների, բարբարոսությունների մեղադրանքներ Հայաստանի, քաղաքական շրջանակների հասցեին։

Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել նաև ռուսական Национальная оборона ամսագրին, որում ևս բազմաթիվ հայկական լսարանի համար ինֆորմատիվ տեղեկատվություն է դրել շրջանառության մեջ պատերազմի և այլ հարցերի մասին։ Ի դեպ, այս օրերին ուշագրավ ելույթների ու տեղեկատվության պակաս չկար, հատկապես հետաքրքիր էին թուրքական կողմի ակտիվ անդրադարձները տարածաշրջանին, եղավ ինչպես Էրդողանի ելույթը, ասուլիսները, այնպես էլ՝ Չավուշօղլուի, որոնց մասնակիորեն անդրադարձել ենք։

Ալիևի ու Էրդողանի պրեսինգին զուգահեռ՝ ՄԱԿ ԳԱ-ի կուլիսներում 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ կայացավ նաև համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը, մեկնաբանելով ներկայումս հակամարտության գոտում ստեղծված ռազմաքաղաքական և դիվանագիտական իրավիճակը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, ինչպես պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, այնպես էլ այսօր Ադրբեջանը, արդեն Թուրքիայի բացահայտ ուղիղ ներգրավմամբ, մեծացրել է ճնշումը Հայաստանի նկատմամբ իրենց պատկերացրած վերջնական «կարգավորման» համար։

Այս ընթացքում, ըստ նրա, Ռուսաստանը մի փոքր անջատ է գործընթացներից, քանի որ ընտրություններ էին, և դրանից հետո առաջին էական միջազգային իրադարձությունը լինելու է առաջիկա օրերին Սոչիում կայանալիք Պուտինի հանդիպումն Էրդողանի հետ։ «Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքն ու ցանկությունները լիովին հասկանալի են։ Մեկ անգամ չէ, որ խոսել ենք՝ պատերազմից հետո նրանք փորձելու են ստանալ Հայաստանից այն, ինչ հնարավոր է, ու ներկայումս ավելացրել են ճնշումը, քանի որ գործընթացը ձգձգվում է, ու դա իրենց օգտին չէ, քանի որ գործընթաց են ներքաշվում այլ խաղացողներ։ Հաղթանակի ազդեցությունը սկսում է թուլանալ։ Ինչպես էլ որ Ադրբեջանը չխոսի, Ադրբեջանը հաշվի է առնում Թուրքիային, Ռուսաստանին ու հաշվի կառնի նաև Իրանին, այնուամենայնիվ Ադրբեջանը սահմանափակ հնարավորություններ ունեցող երկիր է։

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ևս աշխատում են տարածաշրջանից լիովին դուրս չմղվելու ուղղությամբ, ու ՄԱԿ-ի ամբիոնը հնարավորություն էր՝ կազմակերպել նախարարների հանդիպումը, ինչը կարևոր իրադարձություն էր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան աղմկալի կերպով տապալվեց և չհաջողվեց բանակցային գործընթացը վերականգնել։ Այս հանդիպումից հետո ևս մշուշոտ է թվում ԵԱՀԿ ՄԽ ապագան, քանի որ, ինչպես նկատեցի համանախագահների հայտարարությունից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չունեն օրակարգ, օգտագործված չէր նախկին որևէ ձևակերպում, սկզբունքների մասին խոսք չկար, կարգավիճակի մասին խոսք չկար, կային խոսքեր միայն այն մասին, որ կողմերի կողմից հաստատված օրակարգի շուրջ պատրաստ են աշխատել և իրենց ծառայությունները մատուցել։ Պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, կա արդեն նոր օրակարգ և ակնհայտ է՝ եթե Ադրբեջանն ու Թուրքիան չցանկանան այսուհետ ևս աշխատել Մինսկի խմբի հետ, դա չեն անի։

Ուստի Արևմուտքը պետք է շարունակի այլ ճանապարհներ փնտրել։ Միանշանակ է, որ հակամարտությունը կարգավորված չէ, կարգավիճակի հարցը լուծված չէ, և Ալիևի կոչերը՝ չօգտագործել այս կամ այն անունը, պարզապես ադրբեջանական հռետորաբանություն է։ Այդ հարցը վաղ թե ուշ լուծվելու է։ Այս պահին կարող եմ ասել, որ տուրբուլենտությունը բանակցային գործընթացի շուրջ կշարունակվի, սակայն հայ-թուրքական հարաբերություններում կշարունակենք նորությունների ականատեսը դառնալ, քանի որ երկու կողմից էլ հստակ խոսքեր են հնչում։ Կարծում եմ՝ դա անհետևանք չի մնա»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել