Armeniasputnik.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Երևանին և Բաքվին առաջարկել են իրավիճակի ապաէսկալացման կոնկրետ նպատակային միջոցներ, ինչպես նաև հետագա հնարավոր քայլեր: Այս մասին ասվում է միջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև համատեղ բանակցություններ են կազմակերպել: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
«Համանախագահներն ու արտգործնախարարները Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ են քննարկել», - ասվում է հայտարարության մեջ:
Միջնորդներն ընդգծել են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած գործողություններին:
Բացի այդ, սեպտեմբերի 24-ին միջնորդներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, որպեսզի նրանց տեղեկացնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` մեկ տարվա ընթացքում գործադրած ջանքերի մասին` ներառյալ այդ գործընթացում վերջին իրադարձությունները:
Համանախագահները ողջունել են 2020 թվականի նոյեմբերից հետո երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը, ինչը, ըստ նրանց, ցույց է տալիս, որ կողմերը վճռական են տրամադրված խաղաղ գործընթացը երկխոսության միջոցով վերսկսելու հարցում։
Համանախագահները նաև վերահաստատել են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը կողմերի հետ` ղարաբաղյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մյուս հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել