Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանի նոր կառավարությունը ՄԱԿ-ում սեփական ներկայացուցչի հաստատման դեպքում մտադիր է առաջին հերթին հարաբերություններ զարգացնել ու ամրապնդել մյուս պետությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը:

«Եթե իմ եղբայր Սուհեյլը (Շահին) ՄԱԿ-ում հաստատվի որպես մեր ներկայացուցիչ, ակնհայտորեն, ջանքեր կգործադրի մյուս պետությունների, ներառյալ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև մուսուլմանական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Դրանք էլ հենց կլինեն առաջնահերթ խնդիրները, տա Աստված, ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին հաստատելուց հետո»,-ասել է Մուջահիդը:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրել են հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արևմուտքի երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:

Լույս օգոստոսի 31-ն ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցել է իրենց հսկողության ներքո, և հաջորդ օրը հայտարարել են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ և 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել