Pastinfo.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին նախատեսված է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի հանդիպումը։

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին հրավիրվել է խորհրդարան, գրանցվել է Հայաստան դաշինքի կողմից և պատրաստվում է ելույթ ունենալ, թե ի՞նչն է պատճառը, որ դեմ են Գեղամասարի ու Վարդենիսի միավորման կառավարության ծրագրին։ Կներկայացնի նաև դրա ընդունման հետևանքները։

«Վաղը սպասում եմ մարզպետին։ Գուցե մոտեցումը վերանայվի։ Մյուս օրը հրավիրված եմ Ազգային ժողով, որտեղ գուցե իմ ելույթից հետո ինչ- որ բան հաշվի առնեն, եթե ոչ՝ կմտածենք, լուծումը գտնենք։ Իրենք կոնկրետ պլան են մշակում, որ ազատվեն ինձանից, համայնքն էլ ցրեն՝ դա նրանց մոտ համար մեկ պլանն է»։

Եթե երկու հանդիպումներն էլ արդյունք չտվեցին՝ Ավետյանը հայտնեց, որ գործողությունները չեն բացառվում։ Համայնքապետը վստահ է, որ կառավարությունը ամեն քայլի պատրաստ է դիմել՝ միավորելու համայնքները, սակայն մի շարք վտանգներ կան։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել համայնքները միավորելու նախագիծը, ակցիայից հետո մարզպետն ընդունել էր մասնակիցներին, համայնքապետին, խոստացել այցելել համայնք ու լսել, թե ինչո՞ւ են դեմ Գեղամասար և Վարդենիս համայնքների միավորմանը։


«Մարդիկ հիասթափված են ու ուզում են դուրս գալ։ Չորս տարիների ընթացքում մարդկանց համոզել եմ, իմ վերաբերմունքը այնպես է եղել, որ շատերը ընդունում են իմ խոսքը։ Ցանկացած հարցով, որ դիմում են, աշխատում ենք լուծում տալ, ծրագրեր ենք անում։ Մարդիկ ուշադրություն են տեսել այս տարիներին, ինչը 30 տարում չեն տեսել։ Հիմա այս պահին ուզում են փոխեն, խոշորացնեն համայնքն ու հույս ունեն, որ կարող է լավ լինել։ Ասեմ, որ չի լինելու։ Ժողովուրդը մի փոքր էլ անհարմարություն ու անուշադրություն, որ տեսավ, թողնելու է փախչի։ Եթե մի գյուղից 10 ընտանիք էլ գնա, գյուղը լքվում է»։

Նորանշանակ մարզպետից հրաժարականի դիմում գրելու առաջարկ Ավետյանը չի ստացել։ Վստահ է, դա թիմային որոշում է։ Ավետյանն անգամ ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է հրաժարական տալ,բայց մի պայմանով, որ համայնքը մնա, նոր ղեկավար ընտրեն։

«Այս համայնքը ձևավորված է, խնդիրների լուծման ճանապարհը բռնած է։ Իմ պաշտոնը ինձ հետաքրքիր չէ, ես այնքան գործ ունեմ, որ չեմ հասցնում։ Բայց իրենք են պահանջել իմ հրաժարականը ու դրա համար ես այդ քայլին չգնացի, բայց սա պաշտոն է միայն, երբեք առաջնային չի եղել ինձ համար։ Չնայած բնակիչները դեմ են իմ հրաժարականին։ Չեմ կարող ասել ժողովուրդ, ես ձեռքերս լվանում եմ»։

Ավետյանը նշեց, որ կառավարությունը խոշորացման ծրագիրն առաջարկելով պարտավոր էին հանրային լսումներ անել, ինչը չի կազմակերպվել։

«Եթե որոշել են, ոչ մեկի կարծիքը հետաքրքիր չէ, որոշել են՝ կցրեն, ղեկավարին հանեն ու մնացածը հետաքրքիր չի, թե իրենք են խախտում թե ոչ»։

Ավետյանը նշեց, որ Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ գյուղերում թշնամու կրակոցները երբեմն լսելի են, չնայած հասկանում են, որ լարվածությունը կենտրոնացել է Սյունիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել