Մինչև 1941 թվականը գոյություն ունեցող 5 միլիոնանոց Կարմիր բանակը, Հայրենական պատերազմի ժամանակ, որպես այդպիսին, դադարեց գոյություն ունենալ։ Պատճառը Գերմանիայի հանկարծակի հարձակումն ու խորհրդային զինվորների համատարած գերի հանձնվելն էր։ 1942 թվականի փետրվարի տվյալներով՝ գերի էր ընկել ավելի քան 3,3 միլիոն խորհրդային զինվոր։ Ու սովետի հույսը մնացել էր զորահավաքը, որին միանում էին հիմնականում գյուղաբնակ հասուն տղամարդիկ, ովքեր աթեիստական ԽՍՀՄ-ում հավատարիմ էին մնացել ուղղափառությանը և մեղմ ասած չէին պատրաստվում զոհվել Լենինի դամբարանի համար։ Ու այդ ժամանակ է, որ սովետը ետնահանջ է կատարում իր որդեգրած սկզբունքներից. թուլացնում է եկեղեցու դեմ ճնշումները, ներդնում է այնպիսի շքանշաններ ու մեդալներ, որոնք սովետական գաղափարախոսություն կրողի համար իսկական մղձավանջ էին. Ալեքսանդր Նևսկու շքանշան, Կուտուզովի շքանշան, Բոգդան Խմելնիցկու շքանշան, Սուվորովի շքանշան, Ուշակովի շքանշան։ Այս մարդկանց անուններով շքանշաններ ստեղծելով սովետական վերնախավը միտք ուներ արթնացնել ռուս ազգի հաղթական ոգին՝ վերհիշել տալով լեգենդար զորահրամանատարներին ու կայսրության ականավոր կառավարիչներին։ Այս ամենը սովետական գաղափարախոսության համար վատ երազի պես բան էր, բայց նրանք հասկանում էին, որ պետք է ռուս ազգին համոզեն, որ նրանք կռվում են ոչ թե սովետական իշխանության, այլ հայրենիքի համար։ Բոլորիս հայտնի «Գեորգևյան ժապավենն» անգամ ստեղծվել էր դեռևս Եկատերինա Երկրորդի օրոք, բայց այսօր շատերը դա խորհրդային ժապավեն են համարում։ Վերակենդանացնելով խաղաղ ժամանակներում «ժողովրդի թշնամի» համարվող գործիչներին, ժողովրդին հիշեցնում էին այն փառահեղ ճակատամարտերն ու պատերազմները, որտեղ հաղթել է ողջ ազգը։ Ու թքած, թե սովետը էդ բոլոր փառահեղների դեմ չէր պայքարում մինչ 41 թիվը։
Ու դա ստացվեց նրանց մոտ։ Այդ հայտնի լոզունգը՝ «За Родину, за Сталина»-ն հենց դրա ապացույցն է. հայրենիք, որն ունի պատմություն, և Ստալին, որն այդ պահին ղեկավարում է այդ հայրենիքը։
Մեզ մոտ այս 3 տարիների ընթացքում ծաղրուծանակի ենթարկվեցին ազգայինի ու պատմականի հետ ասոցացվող ամեն բան. պատմությունը, եկեղեցին, բանակը։ Ծաղրեցին Տիգրան Մեծին, Նժդեհին դարձրեցին ֆաշիստ, վերջին խուժանի պես հարձակվեցին Վեհափառի վրա, հետապնդեցին ու բանտարկեցին հաղթանակ կերտած գեներալներին։ Այսինքն էս «մարդկանց» ի սկզբանե պետք չէր, որպեսզի հայ ազգը երբևէ հաղթի որևէ պատերազմում։
Երբ ես ասում եմ, որ սա պատերազմ չէր, ես հավատում եմ իմ ասածին ու հիմնավորում։ Հայրենական Մեծ պատերազմը, որքան էլ անսպասելի էր Գերմանիայի հետ չհարձակման պակտ ստորագրած Ստալինի համար, բայց այնուամենայնիվ պատերազմ էր, իրական պատերազմ, որին պատրաստվեցին ամեն կերպ, անգամ через себя վիճակներով։ Մի կողմ դրեցին սովետական գաղափարախոսությունն ու կենդանություն տվեցին անգամ «ժողովրդի թշնամիներին», միայն թե ժողովուրդը ոգևորվի ու պատերազմը հաղթի։ Մեզ մոտ արվեց լրիվ հակառակը. պախարակվեցին, արժեզրկեցին ու ծաղրի ենթարկեցին էն ամենը, ինչի շուրջ ժողովուրդը կարող էր համախմբվել ու հաղթել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել