168.am-ը գրում է․

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Այս տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանի խոսքով` ծրագրի նպատակն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի` առանց անհարմարություն պատճառելու այլ մարդկանց։ Զբոսայգիներում հարմարավետ պայմաններ կստեղծվեն՝ ինչպես շների զբոսանքի, այնպես էլ՝ վարժանքների համար։

«Սա շատ լավ, թեև ուշացած նախաձեռնություն է, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Երևանում այգիներն ավելի շատ ծառայում են շների կարիքների համար, քան մարդկանց: Եթե այս նախաձեռնությունը հերթական փող լվալու միջոց չէ, կամ գումարները ոչ նպատակային չեն ծառայի, այգիները շատ օգտակար կլինեն, որովհետև անասնաբուժական օրենսդրությունը կենդանիների բարեկեցության տեսակետից թերի է, մասնավորապես հանրային վայրերում ընտանի կենդանիների զբոսանքի օրենսդրությունը գրեթե բացակայում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Նա նշեց, որ Քաղաքապետարանի կողմից սահմանվել է շների ցանկ, որոնք համարվում են վտանգավոր, և առանց դնչկալի այդ շներին ման տալն արգելվում է:

«Դրանք այն շներն են, որոնք կոչվում են մարտական շներ. օրինակ՝ Պիտբուլը, Ռոթվայլերը և այլն: Շատ դիմացկուն են, ուժեղ և կարող են մեծ վնաս պատճառել, որը երբեմն անդառնալի է: Իսկ երեխաներին հաճախ են վնաս պատճառում: Սակայն շները դնչկալով չեն, այսինքն, օրենքը հաճախ խախտում են: Չնայած որոշ այգիներում, օրինակ, Արգենտինայի անվան այգում, կա ցուցանակ, որտեղ գրված է, որ շներին լողավազան բաց թողնելն արգելվում է: Շների համար հատուկ տարածք սահմանված է նաև Թումանյանի այգում, որտեղ շները խաղում, զբոսնում են: Երկրորդ խնդիրը դա շների արտաթորանքն է. բոլոր քաղաքակիրթ երկրներում շների տերերը վերցնում են փաթեթներ և հավաքում են իրենց կենդանիների արտաթորանքը: Դա օրենքով սահմանված կարգ է, որպեսզի չկեղտոտեն տարածքը, չհանդիսանան զանազան, այդ թվում՝ ճիճվային հիվանդությունների տարածող: Էխինակոկոզի (մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն է) նման վտանգավոր հիվանդության միջանկյալ տերերը շներն են: Մեզ մոտ սա ևս չի հսկվում»,- նկատեց Գրիգոր Գրիգորյանը:

Ըստ նրա ՝ հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ շները անհանգստություն են պատճառում քաղաքացիներին:

«Ես ինքս շատ եմ սիրում շներին, բայց գիտեմ, որ կան շատ մարդիկ, ովքեր վախենում են կամ զզվում: Շների տերերը շատ հաճախ ասում են՝ մի վախեցեք, չի կծում և այլն, բայց ինչպե՞ս կարելի է մարդուն հրահանգել՝ ինքը վախենա, թե չվախենա: Վախը բնական զգացողություն է: Շների տերերը սիրում են այս կենդանիներին ու պահանջում են, որ սիրեն նաև ուրիշները, բայց դա անհնար է:

Եթե դու սիրում ես շուն, մյուսը՝ կատու, չես կարող պահանջել, որ նա ևս սիրի:

Այգիներում հաճախ տեսել եմ, որ տարեց կանայք վեր են թռել, գոռացել են վախից, ու միգուցե տերերը վազել են, բռնել շանը, ասել են՝ մայրիկ ջան, չի կծում, մի վախեցեք և այլն, սակայն, եթե մեկի տարեց մայրը վախենա, ինսուլտ կամ ինֆարկտ ստանա, կամ առողջական անդառնալի հետևանք դա ունենա, ինսուլինը բարձրանա, դուք պատկերացնո՞ւմ եք, այդ կնոջը զավակը հաշվի առնելո՞ւ է շանն ու տիրոջը: Կարող է ողբերգություն լինել: Նույնը փոքր երեխայի դեպքում: Եվ որպեսզի խուսափենք այդ ամենից, այս նախաձեռնությունը շատ կարևոր է: Պետք է նաև օրենսդրություն մշակվի տան պայմաններում պահվող կենդանիների, հատկապես՝ շների համար, որովհետև կատուները հիմնականում տանն են լինում: Անասնաբուժական, հետո արդեն վարչական օրենսդրության մեջ պետք է ամրագրենք մի շարք դրույթներ»,- մանրամասնեց փորձագետը:

Գրիգոր Գրիգորյանը կարևորեց նաև փողոցային շներին ուշադրություն դարձնելը.

«Ճիշտ է, ականջները պիտակավորված են, ինչը նշանակում է, որ պատվաստված են, ստուգվում են, իրականում այդ շները խնդիր են ներկայացնում, որովհետև վերահսկողություն չկա՝ ո՞վ է պատվաստում, ե՞րբ և ո՞ր շանը: Այսինքն, ականջներին այդ դեղին պիտակը չի նշանակում, որ այդ շունը հիվանդության աղբյուր չի հանդիսանում: Երկրորդ, այդ շները հաճախ կոնֆլիկտ են հրահրում տնային շների հետ, որոնց բերում են ման տալու: Ուստի կարծում եմ, որ հանրային վայրերում այդ շների առկայությունը պետք է լուծվի: Միգուցե նրանց համար էլ փորձեն ինչ-որ տարածք սարքել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել