168.am-ը գրում է․

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ սեպտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում, «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»:


Փաշինյանի այս հայտարարությունը վիրավորել էր զոհված զինծառայողներից շատերի հարազատներին, և նրանք նաև նամակով էին դիմել, որ Կառավարությունը չեղարկի համերգը:

«Հերոս տղերքի ծնողներն իրենց հայտարարությամբ, ֆեյսբուքյան գրառումներով կոչ արեցին էդ «գունագեղ շոուն» չեղարկել, հրավառությունը չեղարկել: Արձագանքն այն եղավ, որ վերանայվեցին ինչ-ինչ բաներ, հրավառությունը հանվեց, որոշ ուրախ կատարումներ հանվեցին, բայց ինքը՝ երևույթը… որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի, խնդիրն այն է, որ գունագեղ շոուներով, այսպիսի մեծածավալ միջոցառումներով, ըստ իրենց՝ 2 մլն դոլարից ավելի գումար են ծախսելու, այս վիճակում, երբ պատերազմի առաջին տարելիցին 6 օր է մնում, երբ տղերքի շիրիմները թարմ են, երբ դեռ ունենք գերիներ, երբ ունենք անհետ կորած հարյուրավոր տղերք, որոնց մասունքները կամ իրենց դեռ փնտրում են, այս իրավիճակում այսպիսի մեծածավալ շոու կազմակերպելը, իրոք, անընդունելի է: Այս մասշտաբներով միջոցառում անելն ինքնախաբեություն է»,- ասաց զոհված զինծառայողի հայր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա նշեց, որ շատ ծնողներ ավելի ծայրահեղ են մոտենում այս հարցին և կարծում են, որ որևէ միջոցառում չպետք է լինի: Նազարյանի պնդմամբ՝ Կառավարությունը, մինչև նման որոշում կայացնելը, պետք է խորհրդակցեր զոհվածների, անհետ կորածների և գերիների հարազատների հետ:
Երեկ Հանրային հեռուստաընկերությամբ մի ռեպորտաժ էր ցուցադրվել, որտեղ զոհված զինծառայողների մի քանի հարազատ պնդում էր, թե ծանոթացել են միջոցառման ծրագրին և համաձայն են, որ միջոցառումը կայանա: Գեղամ Նազարյանի խոսքով՝ ինչպես հանրությունը, այնպես էլ հերոսների ծնողները միանման չեն մտածում:

«Չեմ ուզում խորանալ, թե ինչո՞ւ են այսպես կամ այնպես մտածում: Հիմա հասել ենք այս վիճակին, եթե ինձ հարցնեն, ասեն՝ Գեղամ, պարոն Նազարյան, ի՞նչ պետք է անենք, ես կասեմ՝ եկեք չեղարկենք էդ համերգը, դրա փոխարեն ուրիշ միջոցառումներով նշենք»,- ասաց Նազարյանը:

Զոհված զինծառայողի հայրը վստահ է՝ այս միջոցառման նպատակն այլ է:

«Փորձ արվեց աշխարհին և հարևան երկրներին ասել, որ՝ գիտե՞ք, էս ժողովուրդը մոռացել է ամեն ինչ և հաշտվել է առկա իրողությունների հետ, հիմա էլ քեֆ-ուրախություն ենք անում: Ես եկա, նայում եմ, ծավալային պարային շոու է լինելու»,- ասաց Նազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել