168.am-ը գրում է․

Այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին, Կառավարության կողմից 64.3 միլիոն դրամը ՀՀ 2021թ. պետական բյուջեով հաստատված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հատկացման նպատակը, ըստ ներկայացված փաթեթի, «Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ» ծրագրի «Հանրային վայրերում կառուցապատման նախագծային աշխատանքների իրականացում» միջոցառման շրջանակներում նախագծային աշխատանքների իրականացումն է։

Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, այնինչ Կառավարության որոշմամբ գումարը հատկացվում է ԿԳՄՍ նախարարությանը։

Տարօրինակ է, սակայն նման բովանդակությամբ հարցը, չգիտես ինչու, ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, իսկ որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը գաղտնի էին։ Բացի այդ, նախագծի վերաբերյալ ամփոփաթերթը հարցի փաստաթղթային ընդհանուր փաթեթում ներառված չէր, ինչի արդյունքում հնարավոր չէ հասկանալ, թե մասնավորապես Ֆինանսների նախարարությունը տվյալ որոշման վերաբերյալ ինչպիսի դիտարկումներ է կատարել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խոշոր գումարը տրվում է կառավարության պահուստային ֆոնդից:

Որոշմանը կից հիմնավորման մեջ անհասկանալի ձևակերպմամբ նշվում է, որ ակնկալվում է ապահովել հանրային վայրերում կառուցապատման աշխատանքների համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, սակայն բացարձակապես չի նշվում, թե ինչ վայրերի և ինչ կառուցապատման աշխատանքների մասին է խոսքը` տեղեկատվությունը պահելով գաղնի։

Միթե՞ այդ օբյեկտների կառուցապատման ծրագիրն այնպիսի առաջնահերթություն ունի, որ վերջինիս նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար պետության պահուստային ֆոնդից 64.3 միլիոն դրամ է հատկացվում, այն դեպքում, երբ բյուջեում գումարի սղության պատճառով դադարեցվում է քաղաքացիների պետպատվերով բուժսպասարկումը, երբ այդ գումարը չի ներարկվում մեկ այլ ծրագիր, որը, օրինակ, կնպաստեր դեռևս չհաղթահարված տնտեսական շոկերը մեղմելուն և, ի վերջո, որքանո՞վ է այդ նախագծի իրականացումն ակտուալ ձմռան նախաշեմին, որն, ինչպես բոլորս գիտենք, կլիմայական ոչ բարենապաստ պայմաններ է ստեղծում շինարարության իրականացման համար։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ սույն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից մասամբ գաղտնի և մասամբ թերի ու աղճատված հիմնավորումներով 64.3 մլն ՀՀ դրամը մի նախարարության զեկուցմամբ տրամադրվում է մեկ այլ նախարարությանը՝ հանրային վայրերում կառուցապատման աշխատանքներ կազմակերպելու համար։ Նմանօրինակ որոշման կայացումը խիստ կասկածելի է և հիմքեր է ստեղծում կարծելու, որ կառավարության պահուստային ֆոնդից դուրս գրվող հիշյալ գումարն օգտագործվելու է այլ՝ հանրությունից գաղտնի պահվող նպատակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել