Armenpress.am-ը գրում է․

Սյունիքի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներն ստուգելը և դրանց վարորդներից գումար գանձելը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով հայ լրագրողի բարձրացրած հարցը Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակի և, մասնավորապես, այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանական կողմը նշված ճանապարհին ստուգում է իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը և գումարներ է գանձում նրանցից:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին:

«Ռուսաստանի առաջարկները այդ հարցի առնչությամբ փոխանցվել են ե՛ւ Բաքվին, ե՛ւ Երևանին: Մենք ակնկալում ենք, որ շուտով կստանանք պատասխան՝ հետագա ընթացքը ձևավորելու նպատակով: Զուգահեռաբար կշարունակենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ բարձրագույն մակարդակով 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ, միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը: Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար: Ըստ հայտարարության՝ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և հետամուտ է լինելու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել