Մեծ պատմությունը վերադառնում է փոքր քաղաք։
15 տարի անց շատերի սիրելի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը կրկին էկրաններին է՝ արդեն նոր գույներով ու վերամշակված տարբերակով։
Երբ տարիներ առաջ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը որոշեց ֆիլմ նկարել, որը պետք է դառնար իր դիպլոմային աշխատանքը, իսկ որպես սցենար ընտրեց ընկերներից մեկի հետ պատահած իրական պատմությունը, նա չէր էլ ենթադրում, որ տարիներ անց էլ իր ֆիլմն այնքան պահանջված կլինի, որ կրկին կհայտնվի մեծ էկրաններին: Երեկ` սեպտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի լի դահլիճը վառ ապացույցն էր այն բանի, որ 15 տարի առաջ հենց նույն օրը էկրաններ բարձրացած «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը հայկական շուկայում ամենաստացվածներից է:

«Այս ֆիլմն իմ կուրսայինն է եղել ԱՄՆ-ում։ Ես գաղափար ունեի ֆիլմ նկարելու, բայց չգիտեի՝ ինչի մասին։ Իմ ծանոթներից մեկն իր ընտանիքի պատմությունն էր պատմել, ես հորս հետ խոսում էի, ասացի՝ դա լավ պատմություն է, կարող է ֆիլմ լինել։ ԱՄՆ-ից երբ եկա Հայաստան, խնդրեցի իմ ծանոթին՝ Նառային, նորից պատմել, ձայնագրեցի։ Նառան հենց եղել է այն աղջիկը, որ հայտնաբերել է՝ սխալ մարդու են բերել իրենց տուն։ Իր եղբայրն էլ սկսել է քաղաքով փնտրել իրենց հանգուցյալին»,-պատմում է Գոռը։

Նրա խոսքով՝ սյուժեում ոչինչ չեն փոխել, ինքը ֆիլմը միայն դարձրել է ավելի ժամանակակից ու կարողացել է անել այն մոնտաժը, որ 15 տարի առաջ հնարավոր չի եղել. կարճ ասած՝ ստացել է այն ֆիլմը, որը պատկերացնում էր հենց տարիներ առաջ։

Ռեժիսորը ֆիլմը ոչ ժամանակավրեպ է համարում, քանի որ նշում է՝ հիմա էլ հաճախ փողոցում մարդիկ են մոտենում ու ասում՝ ֆիլմի նույն դեպքն իրենց ընտանիքում է տեղի ունեցել, երբ հանգուցյալներին շփոթել ու տարբեր տներ են տարել։

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի գլխավոր «մեղավորին» մարմնավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով գրեթե ֆիլմի ամբողջ ընթացքում դագաղում է եղել, դրա հետ կապված Գոռ Կիրակոսյանը հետաքրքիր պատմություն հիշեց. «Դերասաններ կային, որ առաջարկել եմ՝ խաղային այդ դերը, բայց քանի որ երիտասարդ ռեժիսոր էի, ինձ չվստահեցին։ Հրանտին ես այլ կերպարում էի ցանկանում տեսնել, բայց նա ասաց՝ ուզում եմ ֆիլմի ձայնը լինել, ասացի՝ եթե ուզում ես ձայնը լինել, պետք է դագաղում պառկես ու հանգուցյալի դերը խաղաս։ Իր համար ծանր էր, քանի որ պառկած ժամանակ շնչելիս նրա փորը բարձրանում, իջնում էր, ու Հրանտը, եթե կադրում երևում է, շունչը պահած է։ Մենք նկարահանում էինք օգոստոս ամսին, նա էլ կոստյումով էր, շոգին անընդհատ քրտնում էր, ես էլ չէի թողնում՝ դագաղից դուրս գար՝ կոշիկները չկեղտոտելու համար»։

Ֆիլմի վերամշակման համար պահանջվել է շուրջ վեց ամիս, և այս տարբերակը դեռ ոչ ոք չի դիտել. միայն մի քանիսը, որոնց Գոռ Կիրակոսյանն է ցույց տվել։ Անգամ դերասանները դեռ չգիտեին՝ ինչպես են նորովի տեսնելու ֆիլմը։

«Երբ սկսեցինք վերամշակման գործընթացը, հասկացա, որ ֆիլմը չենք կարող փոփոխել, որովհետև այս ֆիլմը ստացված է. այն իր էներգիան փոխանցել է հանդիսատեսին, նրանք էլ՝ նույնը ֆիլմին, ու ես ընդհանրապես չցանկացա այն ձևափոխել»,-ասում է ռեժիսորը։

Ֆիլմում նկարահանվել են նաև Դավիթ Թովմասյանը, Նարեկ Ղափլանյանը, Խորեն Լևոնյանը, Արաքսյա Մելիքյանը, Վահագն Սիմոնյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, Վահագն Գալստյանը, Ջուլիետա Բաբայանը և այլք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել