ArmLur.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի հայտարարությունը, թե նախաարար Գնել Սանոսյանն իրեն ասել է, որ համայնքը ցրելու, Ավետյանն էլ դատվելու է:

«Համայնքապետի պնդումները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում»,- ասացին մեզ նախարարությունից՝ հավելելով, որ համայնքապետի ու Գնել Սանոսյանի միջև զրույց եղել է 2019 թվականին, երբ Սանոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։

«Նշված ժամանակահատվածում համայնքապետի կողմից հարկերի հավաքագրումը շատ ցածր է եղել։ Սանոսյանն Ավետյանին պարզապես բարեկամական խորհուրդ է տվել զբաղվել իր պարտականություններով՝ կա՛մ հարկերը հավաքագրել, կա՛մ պայմանագրերը խզել, կա՛մ դիմել ԴԱՀԿ՝ ինչպես օրենքն է պահանջում։ Այլապես համայնքապետի վարքագիծը կարող է դիտվել որպես անգործություն և օրենքի հետ խնդիրներ կառաջանան։ Ինչ վերաբերում է համայնքապետի այն պնդումներին, թե խոշորացվող համայնքների բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում, ապա դա ևս իրականությանը չի համապատասխանում։ Խոշորացվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում։

Նախկինում էլ, նարկայում էլ նախարարության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների մեր գործընկերներն ամենօրյա ռեժիմով խոշորացվող տարբեր համայնքներում հանդիպումներ են ունենում, լսում ժողովրդի առաջարկությունները, կարծիքները»,- փոխանցեցին նախարարության լրատվական ծառայությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել