Armenpress.am-ը գրում է.

Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի համար  ուսումնասիրվում են և պետք է ուսումնասիրվեն խորհրդային հանրապետությունների անկախացման շրջանում ձևավորված իրավափաստաթղթային բազան և այլ փաստաթղթեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հայաստան»-ից Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչու սահմանազատման և սահմանագծման գործընթաց չէր նախաձեռնվել դիցուք 2018-ի հոկտեմբերի 15-ին, երբ ՀՀ-ի վիճակը շատ ավելի բարվոք էր, Փաշինյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ իշխանությունը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, դրանից առաջ էլ հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու պատրաստակամության մասին և խոսել են դրա համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու վերաբերյալ: «Նաև պատրաստակամություն ենք հայտնել՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն ի պատասխան՝ վերսկսել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ»,-նշեց նա:

Վարչապետն ասաց, որ պատգամավորի նշած ժամանակահատվածում էլ տեղի է ունեցել բանակցային գործընթաց: «Եվ այդ բանակցային գործընթացի բովանդակությանը, երբ ծանոթանում ենք, տեսնում ենք, որ այդ բանակցային բովանդակության մեջ դրված էր որոշակի տրամաբանություն, և այդ տրամաբանությունն անխուսափելիորեն հանգելու էր դրան»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ուսումնասիրվում են և պետք է ուսումնասիրվեն ԱՊՀ ստեղծման և ձևավորման, Խորհրդային հանրապետությունների անկախացման շրջանում ձևավորված իրավափաստաթղթային բազան: «Այնտեղ կան բազմաթիվ փաստեր, որոնք լրացուցիչ վերլուծության, համադրման կարիք ունեն: Այն ռազմավարությունը, որ մենք որդեգրել ենք կառավարության ծրագրում և ձևակերպել ենք, դրանով մենք գնալու ենք առաջ: Այո, կարծում ենք, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա: Եվ այդ համատեքստում շատ լավ ու օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիների հետ հարաբերվելիս նրանց իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք: Եվ մեր կառավարությունը գնալու է այդ ճանապարհով»,-վստահեցրեց Փաշինյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել