Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասընթացներ» անցկացնել Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններում: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն այս անգամ դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում:

Ինտերակտիվ դասի սկզբունքով վերջիններս լուսավորչական ակցիա են իրականացրել՝ ներգրավելով ռազմական ճանապարհային ոստիկանության, հումանիտար ականազերծման ստորաբաժանումների և խաղաղապահ զորակազմի հրշեջ պահակախմբի ռուս մասնագետներին: Ավելի քան 50 աշակերտի պատմել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության գլխավոր միջոցառումների մասին:

Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինվորականները երեխաներին բացատրել են մարտական գործողությունների դաշտ հանդիսացած վայրերում գտնվելու վտանգի մասին՝ այնտեղ գտնվող բազմաթիվ պայթյունավտանգ առարկաների պատճառով:

Սակրավորները ցուցադրել են ռուս ինժեներների ժամանակակից հանդերձանքը, ականազերծման աշխատանքների ժամանակ կիրառվող ОВР-2 «Сокол» համալիրը՝ նախատեսված ինժեներների պաշտպանության համար:

Դպրոցի բակում խաղաղապահները ցուցադրել են, թե ինչպես է տեղի ունենում տեղանքի ականազերծումը: Հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմել են, թե ինչից կարող է հրդեհի բռնկում տեղի ունենալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել