168.am-ը գրում է․

Երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի հատվածում ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում. սկզբում՝ 50.000 դրամ, իսկ երեկ արդեն՝ 250 դոլար:

Այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ Անվտանգության ծառայությունը.

«Սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- նշվում է ուժային կառույցի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ադրբեջանը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա՝ Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները, ճանապարհը բացվեց 3 օր հետո:

Ադրբեջանի կողմից միջպետական ճանապարհի փակումն անդրադարձել էր Իրանից կատարվող բեռնափոխադրումների վրա, և Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր էին ունեցել:

Իսկ ադրբեջանական կողմը շտապել էր հիշեցնել, որ մինչ այդ բանավոր կերպով Իրանին զգուշացվել է՝ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության», և, որ նման բան չեն հանդուրժելու:

Օգոստոսի 27-ին կայացած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»:

Նիկոլ Փաշինյանը այս համատեքստում առաջարկել էր այլընտրանքային, գրունտային՝ Կապան-Սյունիք գյուղ-Տաթև կամ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը, մինչդեռ դրանով հնարավոր չէ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն ճանապարհի բարեկարգ լինել-չլինելու պատճառով, այլ՝ որովհետև Կապանից Սյունիք գյուղ ճանապարհն ադրբեջանցիների անմիջական դիտարկման տիրույթում է՝ ուղիղ գծով ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ իշխանությունները պիտի մտածեն ավելի ապահով գրունտային ճանապարհի մասին՝ Տաթև-Վերին Խոտանան-Առաջաձոր-Կապան։ Նույնը վերաբերում է մայրուղու մեկ այլ խնդրահարույց հատվածի՝ Որոտան բնակավայրի ուղղությանը։

Մասնագետների կարծիքով, այդ ուղղությամբ ևս այլընտրանքային ճանապարհ կա՝ Որոտան-Շինուհայր-Տաթև, Որոտան-Գորիս հատվածները, որոնք գտնվում են շատ վատ վիճակում: Այս երկու ուղիները պետք է պահել առաջնային լուծման խնդիրների շարքում: Մինչդեռ ՀՀ իշխանությունները, ըստ էության, անգործության են մատնված, ինչը ստիպում է մտածել, որ գուցե կան գաղտնի պայմանավորվածություններ, որոնց մասին հասարակության լայն շերտերը չգիտեն:

Երկրորդ՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է Հայաստանը կտրել արտաքին աշխարհից, այս դեպքում՝ Իրանից, այլև մեր ձեռքով փորձում է Իրանից ստանալ այն, ինչ իրեն ձեռնտու է:

Ադրբեջանին՝ Զանգեզուրի միջանցք, Իրանին՝ Նախիջևանի տարածքով՝ Հայաստանի վրայով դեպի հյուսիս

Գաղտնիք չէ, որ իրանական կողմին մտահոգում է Մեղրիի պահը, այն միջանցքը, որ պետք է տրամադրվի, առհասարակ, Զանգեզուրի և ՀՀ-ի հարավային շրջանների ճակատագիրը: Սակայն այս պատմության մեջ տուժողը դարձյալ Հայաստանն է լինելու, քանի որ դեռ անցած տարվանից իրանական փորձագիտական շրջանակները փորձ արեցին գեներացնել այն տեսակետը, որ, եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար, այդ դեպքում պետք է համարժեք և համաչափ մի միջանցք էլ տրվի Նախիջևանի տարածքով, որպեսզի Իրանը կարողանա կապ ունենալ Հայաստանի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս: Իրանում նույնիսկ միջանցքի անուն էին որոշել՝ «խաղաղության միջանցք»:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար, մյուս կողմից՝ Իրանը՝ որպես տարածաշրջանային գերտերություն և կարևոր ու ազդեցիկ խաղացողներից մեկը, չի կարող անմասն մնալ տարածաշրջանում ձևավորված նոր ստատուս-քվոյի և իրականության ֆոնին ընթացող ուժերի վերադասավորման և անմիջական խաղաղացողների վերադիրքավորման գործընթացից:

Մի առիթով, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ Իրանը տարածաշրջանային իրադարձությունների վրա կարող է ազդել այնքանով, որքանով թույլ կտան նրա հնարավորությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանի մյուս կարևոր խաղացողներն ու դերակատարները: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի հարցով Իրանի հնարավոր դերակատարությանը, ապա երկու կարծիք լինել չի կարող. Իրանն այս կապակցությամբ իրադարձություններին կներգրավվի այնքան, որքան դա կպահանջի և կցանկանա Հայաստանը:

Ադրբեջանը ցանկանում է ռուս խաղաղապահների միջոցով վառելիքաքսուքային նյութերի առևտուր անել Արցախի հետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում, ըստ էության, հաստատեց վերը նշված դիտարկումները:

Ըստ նրա՝ ադրբեջանցիները փորձում են նոր «սակարկություններով» ավելի հարմար պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի ու Իրանի հետ, փորձում են իրենց գործոնը կարևորել:

«Այսինքն, ադրբեջանցիները տարբեր հաշվարկների մեջ են, և այստեղ դարձյալ փորձում են մեզ թեմայից դուրս թողնել: Այստեղ ավելի շատ ադրբեջանաիրանական խնդրի ներքո հարցը կարելի է նաև դիտարկել: Ճիշտ է, ընդհանուր առմամբ, ադրբեջանցիների կողմից հայ-իրանական միակ մայրուղու հատվածները հսկողության տակ վերցնելու խնդիրը աշխարհաքաղաքական ու տնտեսական հսկայական նշանակություն ունի, և այդ առումով դիտարկումների ու վերլուծությունների մեծ թեմա կա, բայց հետևելով, մոնիտորինգ անելով նաև ադրբեջանական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի տիրույթի տրամադրությունները, պետք է ասենք, որ Արցախ իրանական բեռնատարների մուտք ու ելքի թեման լայն քննարկման է արժանացել այնտեղ։

Օրինակ, հաշվել են, որ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում 58 բեռնատարներ տարբեր նպատակներով մտել են Ստեփանակերտ, որոնցից 55-ը հետ են գնացել: Ադրբեջանական կողմը հստակ ֆիքսել ու ռուս խաղաղապահներին մեղադրում է այն բանի համար, որ խաղաղապահները հայկական գրանցման համարներ են դրել իրանական բեռնատարների վրա, որպեսզի թաքցնեն Ստեփանակերտ մեկնող իրանական բեռնատարների ճշգրիտ թիվը: Ըստ այդմ՝ Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ նշելով, թե «այլ երկրների անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի համաձայնության»: Այսինքն, շուտով փորձեր կարվեն արգելել իրանական բեռնատարների մուտքն Արցախ, որը լրացուցիչ բարդություններ կստեղծի մեր լոգիստիկայի առումով»,- ասաց նա:

Նշենք, որ Իրանն արդեն արձագանքել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների թեմային: Մասնավորապես, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է՝ որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:

Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները` ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ:

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,- Խաթիբզադեի խոսքը մեջբերում է «Azariha» հեռուստաալիքը։

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և նշել՝ Թուրքիան անօրինական է գտնվում Կասպից ծովում, որ իրենք հետևում են զորավարժություններին։

Իսկ Ադրբեջանն արդեն ցանկություն է հայտնել մշակել մեխանիզմներ, որպեսզի Իրանին դուրս մղի վառելիքի մատակարարման «շուկայից», երբ խոսքը վերաբերում է հատկապես Լեռնային Ղարաբաղին:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական «ՍԲՍ» հեռոսւտաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իրանական վառելիքատար մեքենաները հայկական համարներ են տեղադրում՝ կարծելով, թե ադրբեջանական կողմը գլխի չի ընկնի, այնուհետ շարունակել, որ չպետք է սահմանափակվել միայն իրանական մեքենաները կանգնեցնելով և ստուգելով.

«Քանի որ այդտեղ հայերն ապրում են, անգամ, եթե զբաղվում են «սեպարատիզմով», բայց նրանք կարիք ունեն վառելիքաքսուքային նյութերի, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահները, ուստի, կարծում եմ, Ադրբեջանը պետք է մեխանիզմ մտածի՝ «հեռացնել» իրանական վառելիքաքսուքային նյութերը Ղարաբաղի տարածքից: Մենք ինքներս միանգամայն կարող ենք նմանօրինակ նյութեր տրամադրել ռուս խաղաղապահների միջոցով, և առաջարկել այնպիսի մրցունակ գներ, որի դեպքում խաղաղապահներն իրենց համար փոքր օգուտով կկարողանան վերավաճառել Ղարաբաղի հայերին: Արդյունքում՝ մենք այդ շուկայից Իրանին դուրս կմղենք, վերջիվերջո, դա մեր տարածքն է, և այդտեղ պետք է իրացվի ադրբեջանական արտադրանքը: Մյուս կողմից, դրանով և՛ ռուս խաղաղապահների, և՛ Ղարաբաղի հայերի կախվածությունը կուժեղացնենք մեր մատակարարումներից»,- շեշտել է Մուսաբեկովը:

Ադրբեջանը փորձում է ՌԴ-ից վերցնել Լաչինի միջանցքի ամբողջական վերահսկողությունը

Իսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը դարձյալ առաջ է բերել Լաչինի միջանցքում ադրբեջանական «պոստ» դնելու և Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն սահմանելու հարցը:

«Խաղաղապահներին պետք է ասել, որ նրանք վերահսկեն իրավիճակն իրենց կետերում, իսկ մեր սահմանները մենք ինքներս կպաշտպանենք: Հավատացեք, որ դրանից հետո մենք չենք բախվի դիվանագիտական սկանդալի կամ մաքսանենգության դեպքերի հետ: Եթե մենք ամբողջական վերահսկողություն սահմանենք Լաչինի միջանցքի վրա, Իրանը չի կարող ինչ-որ բան տեղափոխել Խանքենդի (Ստեփանակերտ.- Մ.Պ.)»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է նախկին պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զուլֆուգարովն ակնարկել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով: Նա հավելել էր, որ «չի բացառվում, որ իրենք հրաժարվեն այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից, օրինակ, «պոստեր» կտեղակայեն Լաչինի միջանցքում և այնտեղ կգործեն սեփական հայեցողությամբ»:

Այս հարցը սկսել են բարձրացնել նաև ադրբեջանցի որոշ պատգամավորներ և քաղաքագետներ:

168.am-ը Լաչինի միջանցքի հետ կապված 2020-ի նոյեմբերյան եռակողմ հայտարարության մեջ տարբեր տողատակեր է վեր հանել: Մասնավորապես, հայտարարության 6-րդ կետում մեկ ուշագրավ պահ կա.

«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Սկզբունքորեն այստեղ ևս դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու, այլ հարց է, որ չի գաղտնազերծվում երթուղին:

Դեռ անցած տարի պատերազմից հետո Ալիևը որոշակի գաղտնազերծում արեց՝ ասելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ, ինչին Ադրբեջանը կատեգորիկ դեմ է եղել: Սրանից հետո առաջարկվել է երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ, որին Ալիևը ևս չի համաձայնել, արդյունքում՝ Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ-ն։

«Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչին քաղաքը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ: Եվ նոր միջանցքի պարամետրերի հստակեցումից հետո Լաչին քաղաքը ևս կվերադարձվի մեզ: Այս հարցը հատուկ ուշադրության է արժանի, որովհետև եթե ես չհասնեի նրան, որ այն ներառվեր հայտարարության մեջ, ապա Լաչինի միջանցքը մշտապես կընդգրկեր Լաչին քաղաքը»,- հայտարարել էր նա:

Հավելենք, որ ըստ ռազմական փորձագետների, Ադրբեջանը պատերազմի օրերին նպատակ է ունեցել առաջին հարվածով ճեղքել պաշտպանական գիծը մի քանի ուղղություններով՝ հարավային և հյուսիսային: Մասնավորապես, հարավային ուղղությամբ նրանք փորձել են կտրել Իրանի սահմանը՝ Ղարաբաղի մասով, և հասնել Մեղրիի սահմանին: Երկրորդ նպատակը՝ դուրս գալ դեպի Ստեփանակերտ, դեպի Քարվաճառ (Քելբաջար)՝ փակելով Լաչինի միջանցքը, և դրանով շրջափակել Արցախը:

Մաքսակետ՝ առանց զորքի հետքաշման

Վերադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրմանը և իրանական մեքենաներին տուգանելուն, ադրբեջանական կողմն ավելի ուշ հայտարարություն տարածեց, թե իրանական բեռնատարներից Գորիս-Կապան ճանապարհին վճար գանձում է Ադրբեջանի մաքսատունը:

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ համաձայն Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի՝ «երկիր մտնող և երկրից դուրս եկող իրանական ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են հարկման»:

Նշվում է, որ նրանք, մասնավորապես, պարտավոր են վճարել ճանապարհի հարկ, ինչպես նաև պետական հարկ «երկրի տարածքով միջազգային փոխադրումներ կատարելու համար:

Այսինքն, Ադրբեջանը շատ արագ իր ամեն քայլը կարողանում է լեգիտիմացնել՝ գուցե ՀՀ-ի լուռ համաձայնությամբ կամ նրա հետ գաղտնի բանավոր պայմանավորվածության շնորհիվ:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանազատման, սահմանագծման և նմանատիպ հարցերը պիտի լուծվեն Սոթքից Խոզնավար հայելային տարբերակով երկուստեք զորքերի հետքաշումից հետո, մինչդեռ Ադրբեջանը նման քայլի չի գնացել, և արդեն մոտ 5 ամիս է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի առնվազն 1000 զինվոր գտնվում է ՀՀ տարածքում: Ավելին, Ադրբեջանը համապատասխան տարածքներում լավ դիրքավորվում է, մինչդեռ մենք շտապում ենք ՀՀ զինված ուժերի տեղը զիջել ռուս սահմանապահներին և սահմանապահ ուժերին:

Եվ ոչ մի ոստիկանական կետ կամ մաքսակետ չենք բացել՝ ի վնաս Ադրբեջանի: Ավելին, մեր օդային սահմանն ենք բացել Ադրբեջանի համար, որ նրանք նեղություն չքաշեն օգտվել Վրաստանի օդային տարածքից:

Վրաստանի ձեռամբ SOCAR-ը կմտնի Հայաստա՞ն. ինչ սպասել Փաշինյանի վրացական այցից և թուրքական ազդակներից

Ի դեպ, վերադառնալով Ադրբեջանի առաջարկած «վառելիքային գործարքին», նշենք, որ տելեգրամյան ալիքներում տեղեկություն շրջանառվեց, թե ադրբեջանական SOCAR-ը վրացական ընկերության միջոցով կամ անվան տակ մտնելու է հայկական շուկա: Այս մասին անգամ գրեց eadaily.com-ը:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում էր: Սրանից հետո վերը նշված թեմայով դեռ տեղեկություններ չեն շրջանառվել մեդիահարթակներում և սոցցանցերում: Ժամանակը ցույց կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել