168.am-ը գրում է․

Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Նախագծով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը:

Օրենքի այդ հոդվածի գործողությունը կտարածվի հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Ընդ որում, աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որն անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախարարությունն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չտրամադրել վարձատրություն: Այլ խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կազատվեն այն բոլոր քաղծառայողները, որոնք չեն պատվաստվի, երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի։

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով այս նախագծին՝ նշեց, որ պատգամավոր եղած ժամանակ բազմիցս է ասել, որ իրար հետևից այնպիսի օրենքներ են ընդունվում, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները։

«Տվյալ դեպքում սա հենց այդ դասական դեպքն է, ես ափսոսում եմ, որ դա արվում է նախկինում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ պարտադրանքը տվյալ դեպքում մեզ վերադարձնում է խորհրդային ժամանակներ։ Կա՛մ մենք պետք է ամբողջովին հստակեցնենք մոտեցումը, կա՛մ այս հատվածական մոտեցումը ճիշտ չեմ համարում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, եթե քաղծառայողին աշխատանքից հեռացնեն, ապա նրան կգան փոխարինելու ռեզերվում մնացած պրոիշխանական մասնագետները, անկախ նրանից՝ փորձ ունե՞ն, թե՞ ոչ։

«Ռուսական մեծ հեղափոխությունից հետո տեղի ունեցավ զանգվածային, կադրային մաքրում՝ «չիստկա», այստեղ հարցն իսկապես լուրջ է այն առումով, թե ինչ պետք է անեն։ Ուզում եմ, որ իրենց հարց տան, թե ինչու մարդիկ չեն ուզում պատվաստվել, ես դրա պատասխաններից մեկն ունեմ։ Եթե պետությունն իր վրա վերցներ այդ թեստերի հանձնման աննորմալ գինը և չխրախուսեր գրեթե սպեկուլյատիվ գները, ապա այլ կլիներ։ Երբ նախկինում դպրոցներում պատվաստում էին անում, անվճար էր, հիմա էլ անվճար է, բայց այդ պատվաստումներն անցնում էին փորձարկում տասնյակ տարիների ընթացքում։

Մարդիկ ասում են, որ մինչև այսօր արդյունավետ բուժում չկա վիրուսին, նույնիսկ բուժելուց հետո մնում է ծանրագույն հետևանքներ, հետևաբար՝ այդ ի՞նչ փորձարկումներ են անցել այդ պատվաստանյութերը, դրա համար մարդիկ չեն վստահում։ Թեստավորումը պետք է անցկացվի պետության հաշվին»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ պետությունն այս հարցում պետք է ավելի ճկուն քաղաքականությամբ հանդես գա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել