168.am-ը գրում է․

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ 2017 թվականին նրա կինը նվիրատվություն է  ստացել՝ բանկային հաշվին կանխիկ մուտք է եղել 2,8 միլիոն դրամ և 1600 դոլար, այնուհետև նույնքան կանխիկ ելք է եղել, սակայն այդ տվյալներն առկա չեն տարեկան հայտարարագրում։

Սասուն Խաչատրյանն իրեն ուղղված հարցին այս պարզաբանումը տվեց.

«2017 թվականին մայիս ամսին ես Հայաստանի սահմաններից դուրս էի գտնվում, աղջիկս Հունաստանի համալսարանից հրավեր էր ստացել, և դեսպանատուն գործերը ներկայացնելու համար պահանջվում էր, որպեսզի ծնողներից որևէ մեկի հաշվին որոշակի գումար լինի, որպես երաշխիք, որ երեխան այնտեղ ապահովված կլինի։ Ես Հայաստանում չէի, կինս եղբորը՝ Տիգրան Գևորգյանին խնդրել էր, որպեսզի նա իր անունով բացված հաշվեհամարին փոխանցի նշված գումարը։ Այդ գումարը փոխանցվել է Տիգրան Գևորգյանի կողմից կնոջս՝ Լիլիթ Խաչատրյանի հաշվեհամարին, տրվել է տեղեկանք, որից հետո 45 րոպե անց այդ գումարը կրկին հանվել է  հաշվեհամարից և վերադարձվել է Տիգրան Գևորգյանին: Տեղեկանքը ներկայացվել է Հունաստանի դեսպանատանը։ Սա է ամբողջ պատմությունը, ընդամենը քեռին իր քրոջ երեխայի համար այդ երաշխիքը ստեղծել է, որպեսզի երեխան այդ հնարավորությունն ունենա՝ գնա Հունաստանի համալսարան»,- նշեց Սասուն Խաչատրյանը։

Ըստ ՀՔԾ պետի, այդ ամենը ո՛չ փոխառություն է, և ո՛չ էլ գիտի, թե այդ ամենն ինչպես կարող էր ինչ-որ կերպ ներկայացնել։

«Ես չեմ պատկերացնում, եթե բան լինի՝ կարող ենք հայտարարագրել, խնդիրն ինձ համար իրականում դժվար է»,- հավելեց նա։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին նաև ասացին, որ կնոջ անունով կա անշարժ գույք, և դարձյալ կան անհամապատասխանություններ։

Սասուն Խաչատրյանը կատակեց. «Ոնց հասկանում եմ՝ բոլոր պրոբլեմները կնոջ մեջ են։ Մենք ամուսնացել ենք 1996 թվականին,  կնոջս ծնողները մինչև հիմա բնակվում են Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերից մեկում։ Այնտեղ մի բնակարան ունեն՝  50-60 քմ։ Ես ու կինս երբեք տեղյակ չենք եղել, որ այդ բնակարանը սեփականաշնորհելիս նա իր ծնողների, եղբոր ու քրոջ հետ այնտեղ ձևակերպվել է՝ որպես համասեփականատեր։ Մենք ընդամենը տեղյակ ենք եղել, որ նա այնտեղ հաշվառված է։ Սա է պատճառը, որ դա հայտարարագրում չի նշվել թյուրիմացաբար։ Երկրորդ հայտարարագրում կգրենք, որ կինս սեփականություն ունի»,- եզրափակեց Սասուն Խաչատրյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել