Թե՛ զինծառայողները և թե՛ քաղաքացիական անձիք համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգման: Այս մասին Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական տառապանք պատճառելուն, այլև հոգեկան։

«Ըստ փաստերի՝ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն զինծառայողները, հատուկ ծառայությունների, բանտի աշխատողները, ովքեր նույնիսկ փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր կամ սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ՝ եղել են դեպքեր՝ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։ Մի քանի դեպք էլ է եղել, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու, 10 վայրկյան հետո նետել են աղբարկղը։ Եղել են դեպքեր, որ թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն», - մանրամասնեց Արման Թաթոյանը։

ՄիՊ-ի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ձմռանը գերու ձեռքերը կապած, երբեմն նաև մերկ վիճակում ստիպել են քնել գետնին, պատուհանները բացել են, սառը ջուր են լցրել գերու վրա, որպեսզի ցրտից ավելի  տառապի։

«Շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։ Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա խփելով։ Ստիպել են հաճախ, որ մարդիկ բժշկական օգնություն կամ սնունդ աղաչեն, դրանից հետո միայն տրամադրել են այն։ Գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից», - մանրամասնեց ՄԻՊ-ը։

Ըստ նրա՝առանձնազրույցների ընթացքում գերիները ներկայացրել են, որ ադրբեջանցիները հենց իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նախապես պատրաստել են դրան, այցին ընդառաջ եղել են նաև դեպքեր, երբ առանձին գերիների պահել են նկուղային հարկերում, կամ այլ վայրերում, որպեսզի նրանց չտեսնեն։

«Հատուկ դաժան են վերաբերվել տեղեկություններ ստանալու համար, ընդ որում՝ ոչ թե իրական, այլ ցանկալի տեղեկություններ, այն, ինչ ցանկանում են ադրբեջանական զինված ուժերը, իշխանությունները։ Անձնական բնույթի տեղեկություններ են ցանկացել ստանալ ընտանիքի վերաբերյալ, հասցեի, պարտադրել են ստորագրել ադրբեջանական լեզվով թղթեր։ Ծաղրելով, թքելով, ազգային արժանապատվությունը ոտնահարելով՝ սիպել են Ադրբեջանի նախագահին գովերգող հայտարարություններ անեն»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել