Սեպտեմբերի 10-ին Հայաստանում մեծ էկրաններին կբարձրանա Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը։ Սցենարի հեղինակը Օդրի Գևորգյանն է։ ֆիլմի հիմքում Սիրվարդ Կավուկչյանի գրած պատմությունն է։
Ժապավենը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, որը, ըստ պարբերականի, խորն ազդեցություն է ունեցել էթնոերաժշտության վրա։ Ժապավենն ընդգրկում է 1881-1915թթ. ընկած ժամանակահատվածը, որն առնչվում է ինչպես Հայոց ցեղասպանությանն, այնպես էլ Կոմիտասի վերջին համերգին։
Ֆիլմում խաղացել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը և Ժան Նշանյանը, ինչպես նաև փոքրիկ դերասաններ Սլավա Սեյրանյանը, Իռեն Այվազյանը և Մերի Հովսեփյանը։

BlogNews.am կայքի հետ զրույցում դերասանուհի Արևիկ Գևորգյանը պատմում է, թե ինչպես ստացավ ֆիլմում նկարահանվելու առաջարկը, ինչպես են անցել նկարահանումները և դժվա՞ր էր արդյոք իր համար ֆիլմում մարմնավորել թուրք կնոջ։


-Ինչպե՞ս ստացար առաջարկը: Գիտեմ, որ բոլոր դերասանները մասնակցել են քասթինգին: Քասթինգ ասվածը փորձությո՞ւն էր քեզ համար:
-Ստացա առաջարկը Արման Նշանյանից, մասնակցեցի վիդեո պրոբային, փորձություն չէ ինձ համար, շատ առողջ եմ վերաբերվում այդ փուլին:

-Հայ դերասանները, առհասարակ, դժվարությամբ են հաղթահարում թուրքի կերպար մարմնավորելու անջրպետը, թեպետ, հանուն արդարության, քո մարմնավորած Սևիլը բարի է, ընկերասեր և այլ վեհ հատկանիշներով էր օժտված: Բախվե՞լ ես դժվարությունների։
-Մարմնավորել եմ Սևիլին, ապրել եմ Սևիլով, եղել եմ Սևիլ, ես չեմ հենվել ազգության վրա, որովհետև կան իրավիճակներ որտեղ կարևորը մարդն է, ոչ թե իր ազգությունը, ես չեմ փորձել Սևիլին ներկայացնել որպես թուրք հերոսուհի, ով վտանգում է իր կյանքը հանուն հայի, այլ իմ համար կարևոր էր Սևիլին ներկայացնել որպես մարդու ով ունակ է սեփական կյանքը վտանգել իր ընկերոջը փրկելու համար, և այստեղ կարծես ազգությունը լռում է, համենայնդեպս, իմ համար։
Իհարկե, չեմ ուզում անհարկի պրոպագանդել մեր թշնամիներին, բայց հանուն արդարության պիտի նշեմ, որ թե՛ այն տարիներին, թե՛ հիմա կան եզակի մարդիկ, ովքեր դեմ են իրենց ազգի ոճրագործ գաղափարախոսությանը:

-Ինչպե՞ս ես նախապատրաստվել դերին, ի վերջո, երբեք պատմական դրամայում չէիր խաղացել, ինչպես նաև թրքուհու չէիր մարմնավորել:
-Երբ գիտակից տարիքում բախվում ես մեր պատմությանը, ապրումներդ և ընկալումներդ դեմ են առնում անասելի անարդարության, ու ելք ես փնտրում ամեն գնով:
Միշտ համոզված եմ եղել, որ ամեն մարդ իր տեղում, իր աշխատանքով՝ լուռ աշխատանքով, մասնագետ դառնալով կարող է լումա ունենալ իր երկրի զարգացման գործում: Ստանալով Արմանից առաջարկը ծանոթացա սցենարին, Սիլվարդ Կավուկչյանի պատմությանը, և հասկացա, որ սա գուցե եզակի հնարավորություն է իմ մասնագիտությամբ և շնորհիվ լսելի դարձնել մեր պատմությունը ամբողջ աշխարհին:

-Ըստ քեզ՝ մենք այս տեսակ ֆիլմերի պահանջ հիմա ունե՞նք, միջին վիճակագրական հային սա հետաքրքի՞ր է:
-Ցավով եմ ուզում նշել, որ մեր ազգի զգալի մասը տեղեկություն ունի միայն 1915 թվ. մեծ Եղեռնի մասին,մինչդեռ այդ ողբերգությունը սկիզբ է առել շատ ավելի շուտ, ֆիլմի իրադարձությունները կատարվում են Համիդյան ջարդերի ընթացքում:
Թող ֆիլմը ազդակ լինի և հնարավորություն տա մեզ, ավելի խորությամբ ծանոթանալու ազգային մշակույթի գոհարներին։ Ճանաչենք մեր մշակույթը, որպեսզի կարողանանք ճանաչել մեզ: Միջին վիճագրական հայ ինձ համար չկա, կամ հայ ես, կամ չէ, իսկ եթե հայ ես ապա պարտավոր ես իմանալ քո պատմությունը,կարողանաս դասեր քաղել, և երբեք չմոռանալ անցյալը, այլապես ինքը ունի բնավորություն հետապնդելու:

-Կա՞ տեսարան, որի արձագանքին ամենից շատն ես սպասում:
-Թե՛ նկարահնման ընթացքում, և թե՛ առաջին պրեմիերային, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում, ապրումներս և ակնկալիքներս շատ տարբեր էին, թե՛ իմ և թե՛ ամբողջ խմբի համար վստահ եմ կրկնակի անգամ բարդ ու ծանր է լինելու հիմա դիտել ֆիլմը, որովհետև այն ժամանակ մենք պատկերացում չունեինք թե ինչ արհավիրք է մեր դուռը թակելու, մենք մեր նկարահանումներն էինք անցկացնում՝ չիմանալով, որ ընդհամենը կարճ ժամանակ հետո այն վայրերը, որտեղ անցկացվել են նկարահանումները, ցավով պիտի նշեմ, բայց վստահ եմ ժամանակավոր, գտնվելու են թշնամու ձեռքերում։
Եթե երկու տարի առաջ ակնկալում էի ներկայացնել աշխարհին 100 և ավելի տարիներ առաջ կատարված ողբերգությունը, ապա այսօր ես հասկանում եմ, որ ցեղասպանությունը շարունակվում է, ոչինչ չի վերջացել, վերքը թարմ է, սպիերը չեն լավացել, ու վերջակետ էլ չի դրվել:

-Եվ վերջում, կպատմե՞ս՝ նկարահանման հրապարակում ինչ դժվարությունների հետ ես բախվել:
-Նկարահանման ընթացքը միշտ համեմատում եմ արթուն կրակի հետ, որը մեր թեկուզ ամենափոքր անզգույշ քայլից, թեկուզ միջանցիկ քամուց կարող էր հանգել, ու շատ կարևոր էր պահել այդ մթնոլորտը՝ արթուն պահել:
Մեր միջև լուռ համաձայնություն էր եղել, որ մենք պիտի ինչ-որ մի ժամանակ առանձնանանք բոլորից, լինենք ինքներս մեզ հետ, լսենք Կոմիտաս անգամ նկարահանումների դադարների ժամանակ, գլուխը չծանրաբեռնենք առօրյա կենցաղային հարցերով՝ թեև խնդիրներ ունեյին բոլորը, ու դա մեծ օրգանիզմ էր, որի մեջ բոլոր բջիջները իրենց տեղն ու նշանակությունը ունեյին, չնայած անմարդկային ցրտին, մենք բոլորս սկսած տեխնիկական անձնակազմից լուռ մեր աշխատանքն էինք անում, մտքում ունենալով նվիրական պատկերը, որին ձգտում էինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել