168.am-ը գրում է․

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային խառնաշփոթը, պատկան մարմինները «հակակորոնավիրուսային» օրենքներ ու որոշումներ են ընդունում ու հասարակությանը ստիպում առաջնորդվել դրանցով։ Այսպիսով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ «Հանրային ծառայության մասին» օրենքում, նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։

Նախագծով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Օրենքի այդ  հոդվածի գործողությունը կտարածվի հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Ընդ որում, աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախարարությունն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չտրամադրել վարձատրություն: Այլ խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կազատվեն այն բոլոր քաղծառայողները, որոնք չեն պատվաստվի, երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի։

Որքանո՞վ է այս որոշումն օրինական, այն ուժի մեջ մտնելու դեպքում ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող  է ունենալ։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը պատասխանելով այդ հարցերին՝ նկատեց՝ Արդարադատության այսօրվա նախարարը նախկինում մարդու իրավունքներն էր պաշտպանում, այդպե՞ս էր պաշտպանում մարդկանց իրավունքները։

«Քաղծառայության օրենքում աշխատանքից ազատելու կոնկրետ հիմքեր կան, առհասարակ այդ նախագիծն անընդունելի եմ համարում։ Հասկանալի է, կորոնավիրուսային իրավիճակ է, այդ վարակի դեմ պայքար պետք է, սակայն չպատվաստվելու կամ թեստ չներկայացնելու դեպքում քաղծառայողին աշխատանքից ազատելն անընդունելի եմ համարում, որովհետև քաղծառայողի աշխատանքի որակը չպետք է այդպես գնահատվի։ Այդպիսի քայլերի են դիմում, դրա համար էլ հանրային ծառայության որակն այսպես է,  ինչ ուզում՝ անում են, խելքներին ինչ փչեց՝ անմիջապես անում են։ Գուցե կոպիտ եմ ասում, բայց ինձ համար տարօրինակ է, որ այդ նախագծի հեղինակներից մեկը նախկինում մարդու իրավունքների պաշտպանությամբ էր զբաղվում, նա իր բնույթով այդպիսին չէ, մարդու իրավունքների պաշտպան չէ»,- նշեց Մանվել Բադալյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր, ցավոք, քաղծառայողների իրավունքները պաշտպանված չեն, և այդ տեսանկյունից շատ բարդություններ կան։

«Եթե իքս քաղծառայողին հեռացնում ենք աշխատանքից չպատվաստվելու կամ թեստ չանցնելու համար, նրա իրավունքները պաշտպանելու համար ճանապարհը մեկն է՝ դատարանը։ Կրկնում եմ՝ քաղծառայողին գնահատելու չափանիշն այն չպետք է լինի, ինչ հիմա իրենք անում են։ Փոխանակ 1-2 տարի առաջ վարակի դեմ պայքարելու իրական քայլեր ձեռնարկեին, այսօր պոստ ֆակտում ինչ-որ բաներ են սկսել անել, տարօրինակ է։ Եթե տեսականորեն նայենք ու, ենթադրենք, քաղծառայողների կեսից ավելին չպատվաստվի ու նրանց հեռացնեն աշխատանքից, դրանով ի՞նչ խնդիր են լուծում, որևէ խնդիր չեն լուծում։ Դրանով միայն մեկ խնդիր են լուծում, ինչը նախկինում դատափետում էին՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» բերեն-դարձնեն քաղծառայող, փողոցում մնացած մարդիկ՝ անգրագետ, դիլետանտ, գան ու աշխատեն՝ որպես քաղծառայողներ։ Սա պետական մտածողություն չէ, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ուրիշ գործիքներ ու մեթոդներ են պետք, եթե իսկապես այսպես շարունակեն, ապա կնշանակի՝ զրկվեն նաև իներցիայով գործող քաղաքացիական ծառայության համակարգից։ Քաղծառայողներն են, որ այսօր, լավ թե վատ, պետության բեռն իրենց ուսերին տանում են, ոչ թե դիլետանտ, ապազգային քաղաքական տարրերը»,- եզրափակեց Մանվել Բադալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել