168.am-ը գրում է․

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ Առողջապահության նախարարի հրամանին, որի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ, ծախսելով  15.000 դրամ, ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ: Իրավապաշտպանի մեկնաբանությամբ, փաստորեն  անհամաչափ ֆինանսական միջոցների կիրառման միջոցով Կառավարությունը ստիպում է մարդկանց պատվաստվել:

«Բոլորը, ովքեր մտնում են պատվաստման գործընթացի մեջ, գիտափորձի, բժշկական փորձի մաս են դառնում, այսինքն՝ պետք է նկատի ունենալ, որ չի կարելի պնդել, թե այս ամենը որևէ վտանգավորություն չունի: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մի կողմից, իրոք, վտանգը մեծ է, մյուս կողմից՝ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է ընտրի, թե ինքը պիտանի համարո՞ւմ է տվյալ միջոցը, թե՞ պիտանի չի համարում: Ստացվում է, որ մարդուն ստիպում են, որ մասնակցի ինչ-որ գիտափորձի, ստիպում են, որ այդ ֆորմալ գործողությունը կատարի, ասի՝ ես պատվաստված եմ, բայց դրա պիտանիությունը դեռ ապացուցված չէ, ավելին, դեռ ապացուցված չէ, թե դա ի՞նչ վատ հետևանքներ է ունենում, կամ  ընդհանրապես կարող է ունենալ 5-10 տարի հետո: Իմ պատկերացմամբ՝ սա ուղիղ խախտում է Սահմանադրությունը, և ստիպողական պատվաստումը չի կարող համարվել Սահմանադրությանը համապատասխանող: Մեր իշխանությունները նախ՝ ենթաօրենսդրական ակտով՝ Առողջապահության նախարարի հրամանով, հիմա նաև օրենքի նախագիծ են բերել, փորձ են կատարում մարդկանց ստիպել, որ կա՛մ երկու շաբաթը մեկ անհամաչափ ծախսեր կատարեն, պարզեն՝ հիվա՞նդ են, թե՞ հիվանդ չեն, կամ էլ պատվաստվեն, ըստ էության մարդուն ստիպում են պատվաստվել, որովհետև ծախսերն անհամաչափ են: Այս հարցն ուղիղ հակասության մեջ է Սահմանադրության հետ: Ցավոք սրտի, չի հաջողվել համոզել այն մարդկանց, ովքեր պետք է որոշեն՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ, որ պատվաստվելը ճիշտ մոտեցում է: Մարդիկ թող ընտրեն, նրանք, ովքեր գտնում են, որ ճիշտ է պատվաստվելը, շատ լավ, իրենց ընտրությամբ գնում են, պատվաստվում են, նրանք, ովքեր գտնում են, որ սա ճիշտ չէ, ուրեմն պետք է հարգել այդ մարդկանց ընտրությունը»,- ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպանը հիշեցրեց նաև, որ բժիշկները դեռ քննարկումների մեջ են՝ արդյոք արդեն առկա պատվաստանյութերը արդյունավե՞տ են նոր շտամների դեմ, թե՞ ոչ:

«Մենք կարող ենք այնպիսի իրավիճակի առաջ կանգնել, երբ համատարած մարդկանց աշխատանքային իրավունքները խախտվեն, չես կարող մարդուն ստիպել: Օրինակ՝ էդ ինչո՞ւ մենք չենք կարող մարդուն ստիպել գնալ բանակում ծառայել, եթե նրա համոզմունքն այն է, որ չպետք է զենք վերցնի, կամ կրոնական այլ խմբի ներկայացուցիչ է, ինչո՞ւ մենք այդ մարդկանց չենք կարող ստիպել, որ շատ ավելի կարևոր հանրային պատասխանատվություն կատարի, հայրենիքը պաշտպանի, բայց մարդուն կարող ենք ստիպել, ասել՝ գնա քեզ համար ոչ վստահելի պատվաստանյութով պատվաստվիր: Այստեղ ունենք խնդիր, եթե կարող են, թող մարդկանց համոզեն»,- ասաց Մելիքյանը և սեփական փորձով պատմեց, որ մարդկանց պատվաստվել համոզելու գործընթացը բավարար չափով չի կատարվում:

Հարցին, թե ի՞նչ իրավիճակ կարող ենք ունենալ հոկտեմբերի 1-ից հետո, իրավապաշտպանն արձագանքեց.

«Դատարանները կարող են ծանրաբեռնվել, օրինակ՝ մարդիկ համատարած կարող են դիմել դատարան և վիճարկել այս ամենը, քիչ հավանական է, բայց կարող է, օրինակ, Հանրապետության նախագահը դիմել ՍԴ, շատ ավելի հավանական է, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է ՍԴ դիմել, գործիքներ կան, որ կարող են օգտագործվել: Ես չեմ ուզում, որ սա դիտվի պատվաստման դեմ ինչ-որ գործողություն, ես խոսում եմ այն մասին, որ մարդուն պետք է ընտրության հնարավորություն տրվի, հատկապես այն պայմաններում, երբ տեսնում ենք, որ կան իրավիճակներ, երբ ոչ միանշանակ է: Պետք է այդ ամենը պարզաբանվի և ընտրության հնարավորություն տրվի»:

Մելիքյանը նկատեց, որ նախագծում կան նաև անտրամաբանական բաներ, օրինակ՝ թե ինչո՞ւ դասախոսը պետք է պարտադիր կա՛մ պատվաստվի, կա՛մ ՊՇՌ թեստ հանձնի, իսկ ուսանողը կարող է չպատվաստվել և համալսարան ներկայանալ առանց թեստի բացասական պատասխանի:

«Կամ, օրինակ, այս նախագծում պետական ծառայողների մասին պարտադրանքը, որ կա, հետաքրքիր հիմնավորում է բերում, ասում է՝ այս մարդիկ, ովքեր պետական ծառայող են, օրինակ՝ պատգամավորի օգնականը, կարևորագույն պետական գործառույթ է իրականացնում, եթե նա վարակվի, այդ պետական գործառույթի իրականացումը կվտանգվի, եթե այդպես է, բա ինչո՞ւ եք այս ցանկից հանել նախագահին, վարչապետին, պատգամավորներին: Գալիս ենք անարդարության, մեր երկրի թիվ մեկ խնդիրն անարդարությունն է»:

Ռուբեն Մելիքյանը պնդեց՝ հնարավոր է՝ բողոքի ալիք բարձրանա, և գործող իշխանությունը որոշի, որ՝ «լավ, հանում ենք, գնացեք՝ ինչ ուզում եք, արեք»:

«Կայունություն չկա»,- ասաց Մելիքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել